Շարադրանքը սկսելով 2008-ի փետրվարի 22-ին ընդդիմության հանրահավաքում իր ունեցած ելույթից, Ջհանգիրյանը ներկայացրեց ընտրական եւ նախընտրական բոլոր գործընթացները սկսած 2007-ի սեպտեմբերի 21-ից:
«Վերը շարադրվածը ռեժիմի պարագլուխների ապագա մեղադրական եզրակացության համառոտագիրն է», - իր ճառը բնորոշեց գլխավոր դատախազի նախկին տեղակալը:
Գագիկ Ջհանգիրյանը անդրադարձավ ընդդիմության ներկայացուցիչների ու նրանց համակիրների նկատամամբ, իր բնորոշմամբ` «իրականացվող քաղաքական ու քրեական հետապնդումներին»:
Գլխավոր դատախազի նախկին տեղակալի գնահատմամբ, փետրվարի 23-ին իրեն զբաղեցրած պաշտոնից ազատելը, դասային աստիճանից զրկելը, իսկ նույն օրը երեկոյան իր նկատամամբ «սպանության սադրանք իրականացնելը», իսկ հետո բերման ենթարկելն ու կալանավորելը մեկ նպատակ էր հետապնդում. - «Պատժել ոչ միայն ինձ, այլեւ, իմ օրինակի վրա, բոլոր պաշտոնյաներին, քաղծառայողներին զգուշացնել. եթե Ջհանգիրյանի հետ այսպես են վարվում, ինչպես կվարվեն նրանց հետ, եթե հանկարծ որոշեն միանալ ընդդիմությանը»:
Եզրափակելով 32 էջ ծավալով ելույթը, Ջհանգիրյանը հայտարարեց. - «Ես լուծեցի իմ առջեւ դրված հետազոտական խնդիրը: Բացահայտեցի ու դատարանին ի ցույց դրեցի իմ դեմ հարուցված կեղծ քրեական հետապնդման քողարկված շարժառիթները: Իմ նկատմամբ հարուցված քրեական ու քաղաքական հետապնդումների վերը բացահայտված պատճառները, պայմաններն ու շարժառիթները մեծ մասամբ տարածելի են իմ քաղաքական բանտարկյալ ընկերների նկատմամբ իրականացված ու շարունակվող շինծու քրեական հետապնդումների վրա»:
Վերջին խոսքի փոխարեն իր ելույթում Գագիկ Ջհանգիրյանը արդարադատություն պահանջեց դատարանից:
Ջհանգիրյանի ելույթից հետո դատական նիստը նախագահող Ժոռա Վարդանյանն անցավ խորհրդակցական սենյակ: Վճիռը կհարապարկվի մարտի 23-ին:
Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, ով մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով («իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը»), ձերբակալվել է 2008 թվականի փետրվարի 23-ին այն բանից հետո, երբ ելույթ էր ունեցել ընդդիմության հանրահավաքում:
Կարինե Քալանթարյան