Անդրանիկ Թեւանյան. «Կենտրոն համայնքում հայտնաբերել ենք փակված 22 փոքր ու միջին խանութ»

«Այսօր վարվող հարկային քաղաքականության հետեւանքով փոքր եւ միջին բիզնեսը այնպիսի ճնշման տակ է հայտվել, որ այլեւս գոյատեւելու հնարավորություն չունի: Նաեւ ընդհանուր տնտեսական իրավիճակի հետ կապված` բնակչությունը պակաս վճարունակ է դարձել: Արդյունքում` խանութները, չդիմանալով մրցակցությանը, փակվում են», - ասում է Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը:

«Մեր կենտրոնի կողմից միայն [Երեւանի] Կենտրոն համայնքում հայտնաբերել ենք փակված 22 փոքր ու միջին խանութ, որոնց տերերի հետ խոսելով պարզել ենք, որ այն հարկային պրեսինգը, որ այժմ կա եւ, մասնավորապես, ՀԴՄ-ների կիրառումը, իրենց հնարավորություն չի տվել շարունակելու գործունեությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Թեւանյանը:

Շատ խանութներ չեն կարող տրամադրել հաշվիչ դրամարկղային կտրոններ ամբողջական գումարով եւ բոլոր գործարքների դեպքում, քանի որ մեծածախ կամ խոշոր բիզնեսը փաստաթուղթ չի տրամադրում եւ փոքր խանութները հնարավորություն չեն ունենում իրացված ապրանքի դիմաց ցույց տալ իրենց ծախսերը եւ այդ մասով ավելի քիչ հարկեր վճարել, ինչը, Անդրանիկ Թեւանյանի կարծիքով, վնասաբեր է դարձնում փոքր եւ միջին խանութների գործունեությունը:

Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանի կարծիքով, ընկերությունների գործունեության դադարեցումը կամ լուծարումը հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնների հետ ուղիղ կապված չէ:

«Հնարավոր է, որ դա լինի շուկայի մրցակցության պայմաններում չդիմանալու եւ այսօրվա տնտեսական, ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը: Բնականաբար, թույլերը, փոքրերը այսօր զիջելու են իրենց տեղը», - մեկնաբանեց Բեյբությանը:


Լիլիթ Հարությունյան