Ադրբեջանում մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

Ադրբեջանում մեկնարկեց սահմանադրական փոփոխություններին նվիրված հանրաքվեն: Ադրբեջանցի ընտրողները պետք է վճռեն` հրաժարվե՞լ նախագահի պաշտոնում երկու անգամից ավելի առաջադրվելու սահմանադրական արգելքն ամրագրող դրույթից, թե ոչ:

Այս առաջարկով հանդես էր եկել իշխող «Ենի ազերբայջան» կուսակցությունը եւ վերլուծաբաններից շատերի կարծիքով, սահմանադրական փոփոխությունները ճանապարհ են հարթում նախա•ահ Իլհամ Ալիեւի ցմահ պաշտոնավարման համար:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անկախ քաղաքագետ Իլգար Մամեդովն ասում է. - «Ընտրողների մասնակցության ցուցանիշը բավական ցածր է լինելու: Պաշտոնական աղբյուրները, սակայն, այն զգալիորեն կուռճացնեն` հանրաքվեի ողջ գործընթացին լեգիտիմություն հաղորդելու նպատակով»:

Ադրբեջանական խորհրդարանում իշխող կուսակցությունը ներկայացնող Բախտիյար Սադիգովը հերքում է հնարավոր կեղծիքների մասին բոլոր պնդումները:

«Կարծում եմ, որ զանգվածային կեղծիքների կանխատեսումներով հանդես եկողները խորապես հիասթափվելու են», - ասում է իշխանամետ պատգամավորը:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակիցների` Բաքվի փողոցներում անցկացրած հարցումից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի այն քաղաքացիները, ովքեր, այնուամենայնիվ, պատրաստվում են գնալ ընտրատեղամասեր` հիմնականում առաջարկվող փոփոխություններին կողմ են քվեարկելու:

Հարցվածների մի մասն էլ ընդհանրապես խուսափում է խոսել հանրաքվեի մասին:

«Այլ թեմաներից ես կարող եմ խոսել որքան կուզեք, բայց հանրաքվեի մասին ոչինչ չեմ ասի», - ասել է բաքվեցի մի տղամարդ:

Իլգար Մամեդովի կարծիքով` ադրբեջանական հանրությունն առանձնապես մեծ հետաքրքրություն այս հանրաքվեյի նկատմամաբ չի ցուցաբերում:

«Կանցկացվեր այս հանրաքվեն, թե ոչ` միեւնույն է: Ադրբեջանում այսօր կազմակերպված ընդդիմություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Կան ցաքուցրիվ մի քանի խմբավորումներ ու ընդդիմադիր հայացքների տեր առանձին գործիչներ: Մեծ թիվ են կազմում մարդիկ, ովքեր դժգոհ են իշխանություններից, սակայն մեծ ու համախմբված ընդդիմադիր կուսակցություն երկրում չկա: Հանրաքվեն, սակայն, որոշակի հնարավորություն է ընձեռում ընդդիմությանը` նոր պլատֆորմի հիման վրա միավորվելու համար», - համոզված է քաղաքագետը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա