Հեռուստաընկերությունը, վիճարկելով Հարկային տեսչության կազմած ակտը դատական երկու ատյաններում` Վարչական դատարանում եւ Վերաքննիչ դատարանում, պարտություն կրեց, իսկ Վճռաբեկ դատարանը հրաժարվեց գործը վարույթ ընդունել:
Մարտի 13-ին «ԳԱԼԱ»-ն հայց է ներկայացրել Եվրադատարան: Ընկերության փաստաբան Կարեն Թումանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին լրացուցիչ մանրամասներ հաղորդեց:
«Հիմնավորումը ներկայացնում ենք արդար դատաքննության իրավունքի խախտման հետ կապված, խոսքի ազատությանը միջամտելու հետ կապված: Նաեւ խախտում, որը հնարավորություն չի տվել «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում գործը մինչեւ վերջ քննվելու իրավունքի հետ կապված, եւ սեփականության իրավունքը», - ասաց Թումանյանը:
Հայցում «ԳԱԼԱ»-ին հասցված վնասի փոխհատուցման մասին նշված չէ: Ընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը այս փաստը բացատրում է այն հանգամանքով, որ հեռուստաընկերությունը «մինչեւ հիմա շարունակում է վնասներ կրել»:
«Հնարավոր չի եղել հաշվել, թե վերջնական հայցի պահանջը ինչքան է` վնասների փոխհատուցման», - պարզաբանեց ընկերության սեփականատերը:
Սաթենիկ Վանցյան, Գյումրի