Ռուսաստանում գործազուրկների թիվը հասել է 6 միլիոնի

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ ռուսաստանյան հեռուստատեսությամբ հայտարարել է, թե երկրում գործազուրկների թիվը հասել է 6 միլիոնի:

Մեդվեդեւը Ռուսաստանի ամենահարուստ գործարարներին հորդորել է վերադարձնել իրենց բարոյական պարտքերը տնտեսական ճգնաժամի ընթացքում, որը նա անվանել է «մաքրման ժամանակաշրջան»:

«Վերջին 5 ամիսների ընթացքում գրանցված գործազուրկների թիվը ավելացել է 200 հազարով եւ այսօր արդեն գրանցված է 2 միլիոն գործազուրկ: Իսկ եթե խոսենք փաստացի գործազրկության մասին, նրանց մասին, ովքեր աշխատանք չունեն եւ շարունակում են աշխատանք փնտրել, ապա ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ Ռուսաստանում կա 6 միլիոն գործազուրկ», - ասել է Մեդվեդեւը:

«Այս թիվը հավանաբար առաջին անգամ է հնչում: Իրավիճակը բարդ է, սակայն` վերահսկելի», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Ճգնաժամի պայմաններում ռուսաստանցիներն ավելի հաճախ են սկսել իշխանություններից իրենց դժգոհությունն արտահայտել փողոցային ակցիաների միջոցով: Կիրակի օրը Վլադիվոստոկում տեղի է ունեցել Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության կազմակերպած հանրահավաքը, որին մասնակցել է ավելի քան 1000 մարդ:


Ազա Բաբայան, Մոսկվա