ԱՄՆ-ի նոր վարչակազմը Թուրքիայի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում

«Օբամայի վարչակազմը գտնում է, որ տարածաշրջանային խնդիրների լուծումը դժվարին կլինի առանց Թուրքիայի մասնակցության», - ասել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրին:

«Ռադիկալ» թերթին տված հարցազրույցում Ջեյմս Ջեֆրին նշել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը Թուրքիայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում:

«Դա այն ուշադրությունն է, որ նոր վարչակազմը ցուցաբերում է Թուրքիայի նկատմամբ` որպես բարեկամ ու գործընկեր, որպես տարածաշրջանում կարեւոր դերակատարություն ունեցող երկիր», - ասել է դեսպանը:

«Թուրքիան բարեկամական հարաբերություններ ունի Սիրիայի ու Իրանի հետ եւ կարող է իր ներդրումն ունենալ այդ երկների հետ երկխոսության գնալու` Օբամայի քաղաքականության մեջ», - նշել է Ջեյմս Ջեֆրին:

Դեսպանը նաեւ ասել է, թե Օբամայի վարչակազմի դիրքորոշումը «Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության պնդումների» կապակցությամբ, դեռ հստակ չէ, բայց վարչակազմը «խրախուսում է» Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունները նորմալացնելուն ուղղված ջանքերը:


Հրաչ Մելքումյան, Պրահա