Ըստ Հարությունյանի, Հայաստանում գործում է 20-րդ դարի սկզբներին Մեքսիկայում հեղափոխության արդյունքում իշխանության եկած Պորֆիրիո Դիասի սկզբունքը` «Իմ ընկերներին` ամեն ինչ, իմ թշնամիներին` օրենք»:
«Արդյունքում, անկախությունից հետո անգամ, անցած 18 տարիների ընթացքում հասարակությունում ձեւավորվել է սեփականության լեգիտիմության ճգնաժամ», - հայտարարեց օմբուդսմենը` հավելելով, որ անկախությունից ի վեր նաեւ «բյուրոկրատիան եւ օլիգարխիան իրենց են ենթարկել պետությունը», «քաղաքական որոշումներն ամբողջությամբ կայացվում են իշխանական կառույցներում», «Հայաստանում չկան ազատ տնտեսական հարաբերություններ»:
«Առանց ազատական տնտեսության, անիմաստ է խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին», - ասաց Արմեն Հարությունյանը:
Նրա գնահատմամբ, Հայաստանի ներկայիս իշխանությունը ժառանգել եւ պահպանել է խորհրդային եւ հետխորհրդային ժամանականաշրջանի «ռեպրեսիվ համակարգը». - «Այսօր այդ ռեպրեսիվ համակարգի հիմնասյուներն են հատկապես դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը: Դրա ապացույցն է Հատուկ քննչական ծառայության աշխատանքի ոճը, որի արդյունքում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստանում է բազմաթիվ բողոքներ այն մասին, որ մարդկանց ստիպում են տալ ինքնախոստովանական ցուցմունքներ կամ ցուցմունքներ երրորդ անձանց դեմ»:
Ռեպրեսիվ համակարգի գոյության հետեւանքով, ըստ օմբուդսմենի, վախի մթնոլորտը Հայաստանում չի նվազում. - «Մարդիկ իրոք վախեցած են, եւ սա շատ անհանգստացնող է»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ, «անթույլատրելիորեն ցածր» է դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը:
Կարինե Քալանթարյան