ԱՄՆ-ը եւ Թուրքիան կհամատեղեն ջանքերը` խթանելու խաղաղությունը Հարավային Կովկասում

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը այսօր Անկարայում հրապարակել են համատեղ հայտարարություն, որտեղ վերահաստատելով երկու երկրների միջեւ գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունները, պարտավորվում են համատեղ ջանքեր գործադրել միջազգային հիմնախնդիրների կարգավորման բնագավառում, այդ թվում` Հարավային Կովկասում խթանել խաղաղությունը, կայունությունը եւ բարգավաճումը:

Համաձայն հայտարարության, Միացյալ Նահանգները աջակցություն կցուցաբերի Թուրքիայի եւ Հայաստանի ջանքերին` ուղղված երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը:

Այդ նպատակին հասնելու համար փաստաթղթում կարեւորվում է Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի համատեղ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերին:

Հիլարի Քլինթոնը Թուրքիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շուրջ մեկ ամսվա ընթացքում կայցելի Թուրքիա: