Թուրքիայի արտգործնախարարը Արեւմուտքին կոչ է անում դադարեցնել հակառուսական քաղաքականությունը

Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը երեկ կասկածներ է հայտնել Միացյալ Նահանգների հակահրթիռային համակարգի իրական թիրախների եւ Լեհաստանում ու Չեխիայում դրա տեղադրման նպատակահարմարության վերաբերյալ:

«Եթե թիրախն իսկապես Իրանը լիներ, մենք Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ այժմ գոյություն ունեցող խնդիրները չէինք ունենա... սա նշանակում է, որ խնդիրն այլ ենթատեքստ ունի», - թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ, Բրյուսելում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումից առաջ հայտարարել է Բաբաջանը:

Թուրքիայի արտգործնախարարը նաեւ Արեւմուտքին կոչ է արել դադարեցնել այնպիսի քաղաքականության վարումը, որը Ռուսաստանի կողմից կարող է որպես սպառնալիք դիտարկվել: