Ադրբեջանական գործակալությանը այդ մասին հայտնել է Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի նախագահ Նուշիրեւան Մաղերամլին, ում խոսքերով` առաջիկայում կգումարվի խորհրդի նիստ, որը կանդրադառնա նոր կայանի խնդրին:
«Գուցե արդեն այս ամսվա ընթացքում կհայտարարվի մրցույթ նոր կայանը բացելու համար, մենք արդեն քննարկում ենք հարցը», - ասել է Մաղերամլին` նշելով, որ այս պահին հայտնի չէ, թե որ հաճախականությունների վրա է աշխատելու կայանը:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդն ունի պահեստային հաճախականություններ, ուստի այդ հարցում ոչ մի դժվարություն չի լինի, հայտնի է միայն, որ կայանը մասնավոր կլինի», - նշել է Նուշիրեւան Մաղերամլին:
Խոսելով նոր հեռուստակայանի ստեղծման անհրաժեշտության մասին` Ադրբեջանի հեռուստառադիոյի ազգային խորհրդի նախագահը ասել է. - «Ադրբեջանն ընդունել է որոշում իր տարածքում արտասահմանյան հեռուստա- եւ ռադիոկայանների հեռարձարկումը դադարեցնելու մասին: Սակայն երկրում կան մարդիկ, ովքեր դրան համաձայն չեն: Մի մասը ցանկանում է ռուսերեն լեզվով ալիք բացել, մյուսը` այլ լեզուներով: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձն ու եկել այն եզրակացության, որ առավել հարմար տարբերակը երկրում միջազգային կայանի ստեղծումն է. այդ կայանը հաղորդումներ է հեռարձակելու է ոչ թե մեկ, այլ մի քանի լեզուներով»:
Ըստ Մաղերամլիի` յուրաքանչյուր լեզվին հատկացվելիք եթերաժամանակը որոշելու է մրցույթում հաղթած ընկերությունը:
Արմեն Քոլոյան, Պրահա