Երեւանի քաղաքապետի պաշտոնում Գագիկ Բեգլարյանի նշանակման մասին լուրերը «թերեւս հիմք ունեն»

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, առաջիկա օրերին Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը կնշանակվի Երեւանի քաղաքապետ` այդ պաշտոնում փոխարինելով Երվանդ Զախարյանին:

Նախագահական նստավայրից հրաժարվեցին մեկնաբանել քաղաքապետի փոփոխության վերաբերյալ լուրերը, նշելով, որ եթե նման հրամանագիր լինի, այդ մասին հանրությունը պատշաճ կարգով կիրազեկվի:

Մեկնաբանելով այս տեղեկությունը` Գագիկ Բեգլարյանի օգնական Արամ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, ասաց. - «Լուրերը, թե մինչեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունները Գագիկ Բեգլարյանը, ով գլխավորելու է Հանրապետական կուսակցության ցուցակը մայիսի 31-ի ավագանու ընտրություններում, նշանակվելու է այդ պաշտոնում, թերեւս հիմք ունեն, սակայն մինչ այս պահը դեռ ասեկոսեների մակարդակի վրա են»:

Փետրվարի 28-ին Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհուրդը հաստատել էր մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը, որը գլխավորում է Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը:

Մայիսի 31-ի ընտրություններում ընտրողների քվեների կեսից ավելին հավաքած քաղաքական ուժի ընտրական ցուցակի առաջին համարը կդառնա Երեւանի քաղաքապետ: Եթե որեւէ կուսակցություն կամ դաշինք չստանա ձայների կեսից ավելին, քաղաքապետին կընտրի ավագանին:


Տաթեւիկ Լազարյան

(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում ձախից աջ` Երվանդ Զախարյան եւ Գագիկ Բեգլարյան)