Ռազմիկ Զոհրաբյան. «Կարծում եմ երկխոսության կետերից մեկն էլ կարող է լինել համաներումը»

Մոտ ապագայում կարող է համաներում հայտարարվել ընդդիմության կալանավորված գործիչների նկատմամբ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր այսպիսի կարծիք հայտնեց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

«Քանի որ ընդդիմությունը գնում է սահմանադրական ճանապարհով, ինչպես միտինգում հայտարարտվեց, դա արդեն վստահություն է ներշնչում: Ժամանակից շուտ ազատ արձակվածները իրենց հանգիստ կդրսեւորեն եւ հասարակության մեջ ավելորդ բեւեռացումներ չեն ստեղծի», - ասաց Զոհրաբյանը: - «Կարծում եմ երկխոսության կետերից մեկն էլ կարող է լինել համաներումը», - եզրակացրեց Հանրապետական կուսակցության փոխնախագահը:

«Որեւէ իշխանություն, եթե իր դեմ պայքարող ընդդիմությունը գնում է հեղափոխական ճանապարհով, նա երբեք իշխանություն չի զիջի: Երբ փորձում ես փոխանցել իշխանություն ու գալիս է հակառակորդ, նույնիսկ կարելի է ասել` թշնամի է քեզ, դու երբեք չես փոխանցի: Ամեն կերպ փորձելու ես, խախտելով բոլոր նորմերը, որպեսզի չհանձնես իշխանություն», - նաեւ ասաց Զոհրաբյանը:

«Մենք անցյալ տարվա մարտի 1-ին ամեն գնով կարգ ու կանոն հաստատեցինք, եթե չհաստատեինք, հնարավոր է շատ վատ վերջանար, քաղաքացիական կռիվներ սկսվեին: Կանխեցինք մենք, թեեւ արդյունքում եղան զոհեր, վիրավորներ... բայց սա մինիմում զոհերն էր, որ կարող էին լինել», - մեկնաբանեց նա:

Երեկ ելույթ ունենալով 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքում ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացառել էր «ապստամբության կամ հեղափոխության գաղափարները» եւ հայտարարել էր, թե «Կոնգրեսի դավանած գլխավոր սկզբունքը պետության շահն է եւ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը»:


Աստղիկ Բեդեւյան