«Ձեզանից շատերը մեծ հույսեր են կապել այս հանրահավաքի հետ, այն դիտելով որպես համաժողովրդական պայքարի նոր ալիքի կամ վճռական գործողությունների սկիզբ։ Իսկ վճռական գործողությունների տակ հասկացվում են շուրջօրյա հանրահավաքներ, չդադարող երթեր ու պիկետներ, գրոհ նախագահական նստավայրի ուղղությամբ, մի խոսքով՝ անհապաղ իշխանափոխություն, ապստամբություն կամ հեղափոխություն։ Միանգամից հարկ եմ համարում հայտարարել. Համաժողովրդական շարժման կամ Հայ ազգային կոնգրեսի բառապաշարում իսպառ բացակայել եւ այսուհետեւ եւս բացակայելու են գրոհ, ապստամբություն, հեղափոխություն հասկացությունները։ Եթե այս հասկացություններն են կազմում քաղաքական ուժերի վճռականության մասին պատկերացման հիմքը, ապա մենք կտրականապես մերժում ենք այդպիսի վճռականությունը», - ասաց Տեր-Պետրոսյանը:
«Կոնգրեսն ըմբռնումով է մոտենում հասարակության որոշ տարրերի տրամադրություններին, բայց դա չի նշանակում, որ պատրաստ է անվերապահորեն ենթարկվել դրանց։ Կոնգրեսի դավանած գլխավոր սկզբունքը պետության շահն է եւ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը։ Ուստի եթե նա երբեմն չի կատարում որոշ մարդկանց պահանջած կամ ակնկալած գործողությունները, դա նշանակում է, որ կա՛մ սխալ ու վնասակար, կա՛մ էլ՝ ժամանակավրեպ է համարում դրանք», - ընդգծեց առաջին նախագահը` պարզաբանելով. - «Խոսքը վերաբերում է, մասնավորապես, շուրջօրյա հանրահավաքների եւ անդադար երթերի ու պիկետների անցկացման պահանջին։ Կոնգրեսի ղեկավարությունն ամենեւին չի մերժում պայքարի այդ մեթոդների կիրառումը, դա դիտելով որպես քաղաքացիների անօտարելի սահմանադրական իրավունքը, սակայն գտնում է նաեւ, որ այսօր դեռեւս դրա ժամանակը չէ»։
Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի` «Հայաստանն այսօր կանգնած է ժողովրդավարության վերականգնման, Ղարաբաղյան կարգավորման, տարածաշրջանային մեկուսացման հաղթահարման եւ տնտեսական ճգնաժամի դիմագրավման մարտահրավերների առջեւ, իսկ առջեւում մեզ սպասում են ավելի դժվարին ժամանակներ՝ հղի սոցիալական եւ անգամ հումանիտար աղետի առաջացման վտանգներով»: «Հետեւաբար, ներկա հանգրվանում Կոնգրեսից պահանջվում է գործել առավել զգուշությամբ ու պատասխանատվությամբ՝ չբարդացնելու համար առանց այդ էլ բարդ իրավիճակը։ Մեզ չի հետաքրքրում՝ իշխանությունները ճիշտ թե սխալ կհասկանան մեր քայլերն ու գործողությունները։ Կարեւորը մեզ համար այդ քայլերի ու գործողությունների ճշտությունն է», - հայտարարեց նա:
Օրվա խորհրդի առնչությամբ առաջին նախագահը հայտարարեց, թե «իշխանությունները ոչ մի դաս չեն քաղել մարտի 1 ի ողբերգությունից եւ ոչ մի քայլ չեն կատարել ժողովրդավարության եւ օրինականության հաստատման, ինչպես նաեւ ներքաղաքական մթնոլորտի առողջացման ուղղությամբ»։
«Ցավով պետք է արձանագրել, որ մարտի 1 ի ողբերգության տարելիցը մենք ստիպված ենք նշել ընկճող մթնոլորտում։ Բանտերը շարունակում են լցված մնալ շինծու մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման ենթարկված մեր տասնյակ ընկերներով։ Ամբողջ մի տարի իշխանությունները ոչինչ չեն արել ոճրագործության բուն պատասխանատուների՝ մարդասպանների, հրձիգների, խանութներ թալանողների բացահայտման ուղղությամբ, ընդհակառակը, ջանք չեն խնայել նրանց հանցագործությունները կոծկելու համար։ Քաղաքապետարանը 94 անգամ ապօրինաբար մերժել է հանրահավաքներ ու երթեր անցկացնելու մեր դիմումները։ Հեռուստատեսությունն, իր բոլոր ալիքներով, վերածվել է պետության բացարձակ վերահսկողության տակ գտնվող ստորաքարշ քարոզչամեքենայի», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: - «Այսինքն, Հայաստանի իշխանությունների կողմից առերեւույթ ժողովրդավարության եւ օրինականության հաստատմանն ուղղված կիսատ պռատ քայլերն ու օրենսդրական նախաձեռնություններն իրականում սոսկ քարոզչական աճպարարություններ են կամ սովորական խաբկանք, արեւելյան խորամանկություն եւ ժամանակ շահելու միջոց՝ որքան էլ նրանց փաստաբանների դերն ստանձնած միջազգային բյուրոկրատները փորձեն դրանցում ինչ-որ դրական զարգացումներ փնտրել»։
«Միակ լուսավոր կետն այս մղձավանջում եւ Հայաստանի արատավորված պատիվը փրկող միակ հանգամանքը ժողովրդի անկոտրում կամքն է եւ հզոր ընդդիմության ձեւավորումը՝ ի դեմս Համաժողովրդական շարժման կամ Հայ ազգային կոնգրեսի։ Չնայած մարտի 1 ի դաժան սպանդին ու դրան հաջորդած տոտալ եւ ամենօրյա հալածանքներին, ակնհայտ է, որ իշխանություններին չհաջողվեց ահաբեկել կամ ծնկի բերել ժողովրդին եւ նրան ստիպել ետ կանգնել իր քաղաքացիական իրավունքների վերականգնման համար մղվող պայքարից», - ասաց առաջին նախագահը:
Անդրադառնալով համաշխարհային ֆինանսական ճգնաժամին` Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. - «Հայաստանի իշխանությունները, որդեգրելով ջայլամի քաղաքականություն, առայժմ հանրության առջեւ չեն բացահայտել առկա տնտեսական ճգնաժամի էությունն ու ընդգրկումը, ակներեւաբար, ժողովրդին հանգստացնելու եւ նրա մոտ խուճապ չառաջացնելու նպատակով։ Սկզբում դա արվում էր նոր ատոմակայանի, Զանգեզուրի երկաթգծի, Համահայկական բանկի եւ Հայկական աշխարհի սին առասպելների օգնությամբ, իսկ այժմ՝ Ռուսաստանից, Չինաստանից եւ Համաշխարհային բանկից սպասվող վարկերի շուրջ պտտվող հուսադրիչ խոսակցությունների միջոցով։ Որքան էլ, սակայն, իշխանությունները պնդեն, թե միջազգային ֆինանսական ճգնաժամն առանձնապես չի ազդել մեր երկրի տնտեսության վրա կամ մենք հաջողությամբ հաղթահարել ենք այդ ճգնաժամի առաջին ալիքը (թեեւ այդ պնդումը նրանց համար հավասարազոր է քաղաքական ինքնասպանության), անժխտելի է, որ իրականում Հայաստանում եւս գործ ունենք ողջ աշխարհում դրսեւորվող միեւնույն երեւույթի, այն է՝ դոլարի զանգվածի կտրուկ նվազման հետ»։
«Հայաստանում, ի մասնավորի, խոսքը վերաբերում է արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի սպասարկման կենսական խնդրին։ Անցյալ տարի այն կազմել է 3 միլիարդ դոլար, այսինքն՝ ներմուծվել է շուրջ 4 միլիարդ, իսկ արտահանվել՝ շուրջ 1 միլիարդ դոլարի ապրանք։ Պակասորդը կամ դեֆիցիտը մոտ երկու-երրորդով ծածկվել է տրանսֆերների, իսկ մեկ-երրորդով՝ միջազգային վարկերի, արտասահմանյան ներդրումների եւ զբոսաշրջիկության հաշվին։ Եվ քանի որ, միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պատճառով, դոլարի ներհոսքի այդ աղբյուրներն զգալիորեն նվազել են ու էլ ավելի նվազելու միտում ունեն, կառավարությունն այս տարի կանգնած է լինելու առնվազն 1,5-2 միլիարդ դոլար հայթայթելու խնդրի առջեւ, որը նրա ուժերից վեր է։ Հետեւաբար, խնդիրը լուծվելու է այլ ճանապարհով, այն է՝ ներմուծման ծավալների շեշտակի կրճատմամբ, որը հանգեցնելու է կենսամակարդակի կտրուկ անկման, եւ Հայաստանը ետ է շպրտելու առնվազն 10-15 տարով՝ հայտնվելով 1990 ական թվականների երկրորդ կեսի վիճակում։ Այսինքն, մենք գործ ունենք ոչ թե անսպասելի աղետի, այլ տրանսֆերային կապիտալի եւ քրեա-օլիգարխիկ համակարգի վրա հիմնված քոչարյանական արատավոր տնտեսական մոդելի կրախի կամ փլուզման հետ», - ասաց առաջին նախագահը` հավելելով. - «Օբյեկտիվ եւ համակարգային հանգամանքներից բացի, խնդիրը բարդանում է նաեւ իշխանությունների վարած սխալ տնտեսական քաղաքականության եւ ճգնաժամային իրավիճակին ոչ համարժեք քայլերի պատճառով»:
«Երկիրն, իմ խորին համոզմամբ, ուղղակի գլորվում է վիհը։ Շատ շուտով կառավարությունն ստիպված է լինելու հրաժարվել դրամի փոխարժեքի արհեստական պահպանման քաղաքականությունից։ Ընդ որում, դրամն արժեզրկվելու է ոչ թե սահուն կերպով, ինչպես տեղի ունեցավ ռուսական ռուբլու պարագայում, այլ պարզապես գահավիժելու է», - կանխատեսեց Տեր-Պետրոսյանը` եզրակացնելով. - «Մի խոսքով, ի տարբերություն շատ այլ երկրների, Հայաստանը կանգնելու է ոչ թե տնտեսական կայունացման, այլ պարզապես հումանիտար աղետի կամ գոյատեւման խնդրի առջեւ, որի լուծումը գերբնական ճիգեր է պահանջելու թե՛ իշխանությունից, թե՛ հասարակությունից»։
Վստահեցնելով, որ «որոշ ժամանակ անց վճռական գործողությունների անցնելու եւ իշխանափոխության համար ստեղծվելու է բոլորովին մի նոր, շատ ավելի նպաստավոր իրավիճակ», Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց. - «Մի՞թե դժվար է հասկանալ, որ մի քանի ամսից իշխանություններն ի ցույց են դնելու իրենց ողջ մերկությունը։ Ուժերից վեր խնդիրների եւ ներքին գզվռտոցի պատճառով նրանք իրենք-իրենց քանդվելու են։ Եվ որքան մենք հանգիստ մնանք, որքան խնայենք մեր նյարդերը, այնքան ավելի շուտ են քանդվելու»։
Հաջորդ հանրահավաքը, ըստ առաջին նախագահի, տեղի կունենա մայիսի 1-ին:
Աստղիկ Բեդեւյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)