Բողոքի ակցիայի մասնակիցները իրենց պահանջները փոխանցեցին Վրաստանի դեսպանին

Վրաստանի դեսպանատան առջեւ այսօր կեսօրին նախանշված բողոքի ակցիան տեղի ունեցավ մի քանի ժամ ուշացումով, ինչը միջոցառման կազմակերպիչների խոսքով, պայմանավորված էր տեխնիկական խնդիրներով: Ակցիայի մասնակիցները նախապես հայտարարություն էին կազմել, որը հանձնեցին Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին:

«Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Շիրակ Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ակցիայի նպատակն է Վրաստանի իշխանությունների ուշադրությունը սեւեռել ջավախահայության հիմնական խնդիրներին:

«Ազատ արձակել ջավախքի հայ հասարակության ակտիվիստներին, որոնք անտեղի են ձերբակալված: Հայ առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալ: Հայոց լեզվին իրավական կարգավիճակ տալ Սամցխե-Ջավախքի, Ծալկայի տարածաշրջանում: Հայ-վրացական սահմանի Ջավախքի անցակետը դարձնել ազատ եւ թափանցիկ», - ակցիայի մասնակիցների պահանջները թվարկեց Շիրակ Թորոսյանը:


Հովհաննես Շողիկյան