Հայաստանի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան այսօր Երեւանում հուշագիր են ստորագրել երկու երկրների գլխավոր դատախազությունների միջեւ 2009-11 թվականների համագործակցության հիմնական ուղղությունների մասին:

Հայաստանի դատախազության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, հուշագրով որպես համագործակցության առաջնային ուղղություններ ամրագրված են, մասնավորապես, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, կոռուպցիայի կանխարգելումը, պայքարը ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցագործությունների, մարդկանց առեւտրի, զենքերի, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ:

Մինչ հուշագրի ստորագրումը կայացել է երկու երկրների գլխավոր դատախազների առանձնազրույցը:

Այսօր Ռուսաստանի գլխավոր դատախազին ընդունել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները կարեւորել են ստորագրված հուշագիրը եւ համոզմունք հայտնել, որ փաստաթուղթը կնպաստի դատախազական մարմինների գործունեության բարելավմանը` հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, կոռուպցիայի կանխարգելմանը, ահաբեկչության դեմ պայքարին:

Յուրի Չայկան աշխատանքային այցով Հայաստան է ժամանել երեկ: Նույն օրը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում նա հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)