«Հայաստանի Հանրապետություն»-ը տպագրել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հարցազրույցը ռուսաստանյան «Վեստի» հեռուստաալիքին: Գյուլը անդրադարձել է նաեւ հայ - թուրքական հարաբերություններին եւ Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Գյուլը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում «կարեւորագույն դերը պատկանում է Ռուսաստանին». - «Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը, որի արդյունքում ընդունվեց հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտության մասին համաձայնագիր»: «Մենք կարծում ենք», - ասում է Գյուլը, - «որ Ռուսաստանն այս գործում առանցքային դեր ունի, քանի որ նա հանդիսանում է նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ»: Անդրադառնալով Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմին, Թուրքիայի նախագահը նշել է. - «Մենք այդ նախաձեռնությունը շատ կարեւոր ենք համարում, քանի որ առանց Կովկասի, ինչպեսեւ ցանկացած այլ տարածաշրջանի անվտանգության ու կայունության չի կարող ո’չ խաղաղություն լինել, ո’չ էլ կայուն զարգացում: Մոլորակի այս մասում շատ են, այսպես կոչված` սառեցված հակամարտությունները, բայց ձգտել դրանք ընդմիշտ սառեցված պահել, ճիշտ չէր լինի: Մենք բոլորս էլ այն բանի վկաներն ենք, որ նման հակամարտությունները կարող են հանկարծակիորեն բռնկվել, ինչպես դա վերջերս տեղի ունեցավ Հարավային Օսիայում»:
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Թուրքական թերթերից մեկը, ինչպես հայտնի է, որոշ մանրամասներ էր ներկայացրել Ղարաբաղյան խնդրում Թուրքիայի միջնորդությամբ իբր ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ, որից հետո ե’ւ Հայաստանի, ե’ւ Ադրբեջանի, ե’ւ Թուրքիայի արտգործնախարարությունները հերքեցին դա: Իսկ անհարմար բան ստացվեց այն առումով, որ երեք երկրներից ոչ մեկը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնկրետ ծրագիրը չհերքեց: Երեքն էլ, եթե կարելի է այսպես ասել` հերքեցին միայն հարակից մանրամասները: Այս ամբողջ գործընթացը մեծ բլեֆ է, եւ լրջագույն վտանգներ է պարունակում, որովհետեւ եթե Սերժ Սարգսյանը ստորագրի կարգավորման փաստաթուղթը, իսկ Ղարաբաղը չհամաձայնվի, դա շատ արագ կհանգեցնի պատերազմի: Իսկ եթե Հայաստանը ի վերջո ինքն էլ չստորագրի փաստաթուղթը, դա կհանգեցնի մեր նկատմամբ միջազգային պատժամիջոցների: Որպես մարտավարություն գուցեեւ ճիշտ է Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հակասություններն ընդգծելը, բայց դա միայն կարճատեւ էֆեկտ կունենա: Այն իմաստով, որ ստիպված կլինեն Ղարաբաղին նույնպես ճանաչել որպես բանակցային կողմ: Լավ, ենթադրենք` Ղարաբաղը նույնպես մասնակցում է բանակցություններին, բայց մերժում է առաջին փուլում հինգ շրջանների վերադարձը: Բա հետո՞: Ո՞րն է հաջորդ քայլը: Այլ տարբերակ չկա, հաջորդ քայլը պատերազմն է»:
lragir.am-ը անդրադառնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին. - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ասում է, թե չի հասկանում ինչու պետք է Ռոբերտ Քոչարյանը մասնակցեր ԲՀԿ համագումարին, թե ինչ կապ ունի Քոչարյանը ԲՀԿ համագումարի հետ, եթե նա հանգստանում է։ Գագիկ Ծառուկյանը նաեւ հայտարարել է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի վերադառնալ քաղաքականություն, ապա նա կհայտարարի այդ մասին, կներկայացնի իր ծրագիրը, իր շուրջը կհավաքի համախոհներին։ Նշանակում է սա արդյոք, որ Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստան»-ը հեռանում են Ռոբերտ Քոչարյանից։ Եթե իհարկե ճիշտ էին այն դատողություններն ու վերլուծությունները, ըստ որոնց «Բարգավաճ Հայաստան» քաղաքական նախագծի կնքահայրը Ռոբերտ Քոչարյանն էր, որպեսզի դրանով լուծեր նախագահի պաշտոնը թողնելուց հետո իշխանության մնալու իր խնդիրը, ապա այժմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը միանգամայն արդարացիորեն է ասում, որ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող կապ ունենալ իր կուսակցության համագումարի հետ։ Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը գործարար Գագիկ Ծառուկյանին փաստացի ներքաշելով քաղաքական նախագծի մեջ, չկարողացավ այդ նախագծին «տիրություն» անել մինչեւ վերջ։ Բնական է, որ Գագիկ Ծառուկյանը կարող է մտածել, թե եթե Ռոբերտ Քոչարյանը դեռ իր նախագահության ժամանակ չկարողացավ կանգնել ԲՀԿ-ի թիկունքին եւ կուսակցության համար ապահովել այն, ինչի համար ԲՀԿ-ն մուտք գործեց ակտիվ քաղաքականություն, ապա ինչ կարող է անել նա ԲՀԿ-ի համար պաշտոնաթող կարգավիճակում, առավել եւս, երբ իրադարձությունները ներքին ու արտաքին կյանքում զարգանում են դինամիկ ընթացքով, իսկ Ռոբերտ Քոչարյանը չի փորձում հերքել ամենաերիտասարդ թոշակառու չդառնալու իր իսկ հավաստիացումը»։
«Երկիր» շաբաթաթերթը զրուցել է մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի հետ: Դիտարկմանը, որ հանձնաժողովն իր գործունեությամբ ինչ-որ տեղ պետք է նաեւ նպաստեր նախագահական ընտրություններից հետո հասարակության մեջ ստեղծված ծայրաստիճան լարված իրադրության փոփոխմանը, եւ հարցին, թե որքանով է դա հաջողվել, պատգամավորը պատասխանում է. - «Հստակ է, որ, այո, հանձնաժողովին իսկապես հաջողվել է էականորեն թուլացնել հասարակության մեջ լարվածությունը եւ ինչ-որ տեղ նաեւ խրախուսել երկխոսությունը: Բոլոր դեպքերում` խոսք ասելու ամբիոն է եղել, մոտեցումներ են եղել: Հետահայաց նայելիս համեմատեք 2008 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներն ու ներկան: Ակնհայտ է, որ լարվածությունը թուլացել է: Հանձնաժողովին հաջողվել է զգալիորեն նպաստել դրան: Չեմ ասում` ամբողջությամբ թուլացրել է, բայց էական ազդեցություն ունեցել է»:
Աղասի Ենոքյան