Ռիչարդ Կիրակոսյան. «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական բանակցությունները միմյանցից լիովին անջատ գործընթացներ են»

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը գտնում է, որ թուրքական «Հյուրիեթ» թերթում երեկ հրատարակված հաղորդագրությանը` Թուրքիայի միջնորդությամբ հայ-ադրբեջանական համաձայնությունների մասին, անհրաժեշտ էր արձագանքել, քանի որ այդ լրատվամիջոցը «հայտնի է Թուրքիայի կառավարական շրջանակներին առավել մերձ լինելու հանգամանքով»:

Ըստ այդ հրապարակման` Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի միջնորդությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը նոր` «մասնակի համաձայնություն» են ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Թուրքական թերթի պնդմամբ, 4 կետից բաղկացած խաղաղության հաստատման նախաgիծ է առաջ քաշվել, որը ներառում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճանապարհների ու երկաթգծերի վերաբացում, ինչպես նաեւ տարածաշրջանում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում:

Նախօրեին Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարություն էր տարածել` մեկնաբանելով «Հյուրիեթ»-ի հրապարակումը: Իր արձագանքում, Ռիչարդ Կիրակոսյանը «գաղտնի բանակցությունների մասին թուրքական մամուլի վերջին բացահայտումները» գնահատել էր իբրեւ «երկարատեւ խաղաղությանն ուղղված ջանքերի ջլատում»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կիրակոսյանը ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքին, որ «Հյուրիեթ»-ի վերոհիշյալ հրապարակումը հաջորդեց Շվեյցարիայում կայացած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներին:

Հարցին, թե ինչո՞վ կարելի է բացատրել Թուրքական կառավարամերձ մամուլի այդ նախաձեռնությունը, երբ թե’ Երեւանը, թե’ Անկարան պաշտոնապես չեն հաստատել նման միջնորդության փաստը, Կիրակոսյանը պատասխանեց. - «Այս պարագայում, հավանաբար, գործ ունենք հասարակական արձագանքը ճշգրտելու փորձի հետ»:

«Թուրքիան անկողմնակալ չէ եւ չի կարող միջնորդի դեր ստանձնել», - շեշտեց Ռիչարդ Կիրակոսյանը: - «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական բանակցությունները միմյանցից լիովին անջատ գործընթացներ են»:

Ինչ վերաբերում է վերջին ամիսներին նկատելիորեն ակտիվացած հայ-թուրքական մերձեցմանը, Կիրակոսյանը խորհուրդ է տալիս մի պահ այս ամենին նայել թուրքական շահի տեսանկյունից: Այդ երկիրը, որոշակիորեն շահագրգռված է հայ-թուրքական սահմանի բացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մեջ: Սակայն Անկարային մտահոգում է Ադրբեջանի հնարավոր բացասական արձագանքը:

«Թուրքիան փորձում է, հնարավորությունից օգտվելով, տարածաշրջանային խաղացող դառնալ, սակայն տակավին պարզ չէ, թե որքանով հաջողությամբ կպսակվեն նրա փորձերը», - եզրակացրեց Կիրակոսյանը:

Փորձագետը անդրադարձավ նաեւ մյունխենյան անվտանգության համաժողովին նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին:

«Տվյալ դեպքում ինձ համար էական չէ ելույթ ունեցողի անձը, բայց պետք է նշեմ, որ այն շավ լավ եւ շատ կարեւոր ելույթ էր: Դրանում հստակ եւ ճիշտ հասցեավորված ազդանշան կար առ այն, որ Հայաստանը պատերազմ չի ուզում, սակայն, անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանել իրեն», - ասաց Կիրակոսյանը:

Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում Ռիչարդ Կիրակոսյանը շատ հոռետես է: Նա համարում է, որ ադրբեջանական կողմն այսօր բոլորովին պատրաստ չէ կարգավորմանը: Վերջնական համաձայնության հասնելու համար, Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ, անհրաժեշտ է Ղարաբաղի անմիջական մասնակցությունը բանակցություններին, ինչը Բաքվում չեն ընդունում:


Տիգրան Ավետիսյան