ԵԱՀԿ-ն երկարացրեց Վրաստանում տեղակայված ռազմական դիտորդների մանդատը

ԵԱՀԿ-ն այսօր երկարացրել է Վրաստանում տեղակայված իր ռազմական դիտորդների մանդատը մինչեւ հունիսի վերջ:

Ներկայումս Վրաստանում են ԵԱՀԿ-ի 28 ռազմական դիտորդներ, որոնց մեծ մասը երկրում տեղակայվել են ռուս - վրացական օգոստոսյան պատերազմից հետո: Նրանց սկզբնական մանդատը ավարտվում էր մեկ շաբաթից:

Միաժամանակ, ինչպես նշում է DPA գործակալությունը, Վրաստանում ԵԱՀԿ-ի քաղաքացիական դիտորդների մանդատի երկարացման հարցով դեռեւս համաձայնություն ձեռք չի բերվել, քանի որ Ռուսաստանը շարունակում է պնդել, որպեսզի առանձին մանդատ տրամադրվի իր կողմից անկախ պետություն ճանաչված Հարավային Օսիայի համար:

Չնայած ԵԱՀԿ-ի քաղաքացիական դիտորդների մանդատը սպառվել է անցած տարեվերջին, նրանք շարունակում են իրենց գործունեությունը Վրաստանում առանց մանդատի: