Երեւանի քրեական դատարանն այսօր կրկին հետաձգեց «7-ի գործով» դատավարությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորներին դատարանի դահլիճից հեռացնելու եւ նիստը երկու շաբաթով հետաձգելու մասին որոշում կայացրեց, քանի որ ընդդիմության ակտիվիստները դատարանի դահլիճում ոտքի կանգնելուց հետո չէին ուզում նստել:
Մարտիրոսյանը հերթով, յուրաքանչյուրի համար առանձին-առանձին սկսեց պարզաբանել, որ հարկավոր է ենթարկվել նախագահող դատավորի կարգադրություններին:
«Նախագահողի կարգադրությունները պարտադիր են դատավարության մասնակիցների համար: Այդպիսիք չկատարելը դատական նիստի ընթացքին խոչընդոտել է», - ասաց նա:
«Մեզ ավելի հարմար է կանգնած, եւ որեւէ նորմ, որը պահանջում է, որ նստած լինեն դատավարության մասնակիցները, չկա», - հակադարձեց կալանավորվածներից նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: - «Կա նորմ, որով դուք պահանջում եք, որ մենք ոտքի կանգնենք, մենք կանգնել ենք»:
7 կալանավորվածների անունից Ալեքսանդր Արզումանյանը պահանջեց ներկայացնել այն դրույթը, որով պարտադրվում է ամբաստանյալին նստել դահլիճում: Դատավորը այդպես էլ չհրապարակեց նման դրույթ օրենսգրքից:
Հենց նիստի սկզբում Արզումանյանը հայտարարեց. - «Մենք պատրաստ ենք ցանկացած բաց դատավարության` ի հեճուկս ձեր բոլոր ապօրինի որոշումների: Մենք ձեզ չենք վիրավորում... Մենք կանգնած ենք դատվում...»:
Դատական նիստը հետաձգվեց այն բանից հետո, երբ կալանավորվածներից Շանթ Հարությունյանը վիրավորական արտահայտություն թույլ տվեց:
Կարինե Քալանթարյան