Նոր ժետոնների ու էլեկտրոնային քարտերի վաճառքը մետրոյի Երիտասարդական կայարանում կսկսվի փետրվարի 14-ին

Ուղեւորները պետք է նախ գնեն դատարկ քարտը, որի գրավային արժեքը 1000 դրամ է, այնուհետ լիցքավորեն այն` առավելագույնը 30 անցման համար: Քարտը դրվում է անցակետի դիմային ապակուն, վառվում է կանաչ լույսը, ինչը թույլ է տալիս անցնել անցակետով: Նոր, նախորդներից ավելի լայն անցակետով անցնելու համար ուղեւորն ունի արդեն 7 վայրկյան:

Քարտերը լիցքավորվում են կայարանների դրամարկղերում, քարտերի լիցքավորման քանակությունը եւ մնացորդը կարող եք ստուգել դրամարկղի պատին ամրացված հատուկ ստուգման սարքի միջոցով: Լիցքավորումը կատարելու են գանձապահները: Քարտը անժամկետ է եւ ենթակա է վերադարձման:

«Շատ մեծ հերթեր են լինում, Երիտասարդականը շատ ծանրաբեռնված կայարան է: Էլեկտրոնային քարտերի համակարգի ներդրումը հերթերի նվազեցմանը կնպաստի», - վստահ է 13 տարի մետրոպոլիտենում գանձապահ աշխատող տիկին Մարգարիտան:

Հին ժետոններն կգործեն մինչեւ փետրվարի վերջը, իսկ մարտի 1-ից հին անցակետերը կապամոնտաժվեն: Երեւանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում նոր ժետոնների ու էլեկտրոնային քարտերի վաճառքը կսկվի փետրվարի 14-ից:

Համակարգն ամբողջովին ներդրված է միայն Երիտասարդական կայարանում, մետրոպոլիտենի մնացած 9 կայարաններում հսկման նոր տեսակի անցակետերի տեղադրման աշխատանքները մասամբ են իրականացված:

Մետրոպոլիտենի բարեկարգմամբ եւ արդիականացմամբ զբաղվում է ուկրաինական մի ընկերություն: Պետությունը այդ աշխատանքների համար հատկացրել է 400 մլն դրամ:


Հասմիկ Սմբատյան