Արմեն Հարությունյան. «Ինձ համար պատասխան չստանալը նույնպես պատասխան է»

Մարտիմեկյան իրադարձություններից գրեթե մեկ տարի անց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դեռեւս չի ստացել իր արտահերթ զեկույցում բարձրացված հարցերի պատասխանները: Անպատասխան մնացին մարտի 1-ի առավոտյան Երեւանի Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունների օրինականության, ինչպես նաեւ կեսօրից հետո Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց հետեւած 10 սպանությունների հետ կապված հարցերը:

«Իմ մոտ ավելի է խորացել համոզմունքը, որ ոստիկանությունը համաչափ չի գործել: Ավելի շատ հույսս կապում եմ Փաստահավաք խմբի հետ, գուցե նրանք որոշ հարցեր կարողանան բացահայտել, այնուամենայնիվ հասկանանք, թե ցերեկը բանակը ի՞նչ էր անում այնտեղ, եթե այն կար... իմ մոտ այն տպավորությունն է, որ բանակը ցերեկվանից էր այնտեղ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր ասաց Արմեն Հարությունյանը:

«Այդ 3 հոգին, որ սպանվել էին հնացած [հատուկ] միջոցներից` այդ հարցն էլ է բաց մնում: Բոլոր հարցերը մնում են բաց», - նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:

«Ես կասեմ, որ այդ [Մարդու իրավունքների պաշտպանի] արտահերթ զեկույցը այսօր էլ մնացել է ակտուալ: Ես, որպես Մարդու իրավունքների պաշտպան, արել եմ առավելագույնը, ինչ որ կարող էի, եւ արդյունքի չեմ հասել: Ինձ համար արդյունքի չհասնելը, պատասխան չստանալը, նույնպես պատասխան է», - եզրակացրեց Արմեն Հարությունյանը:


Ռուզաննա Ստեփանյան