Վարորդները դեմ են դեղին պետհամարանիշների ներդրմանը, խնդրում են վերանայել տաքսի ծառայություն մատուցող մեքենաների շահագործման ժամկետի սահմանափակումները, որպես անհատ ձեռներեց գրանցվելու եւ սակաչափիչներ տեղադրելու պարտադրանքը:
Երեկ վարորդները նույնպես հավաքվել էին՝ փորձելով իրենց խնդիրներին լուծում ստանալ կառավարությունից, սակայն Տրանսպորտի եւ կապի նախարարությանը ներկայացված նրանց դիմումը մերժվել էր:
Նամակը Հովիկ Աբրահամյանին հանձնելու համար Ազգային ժողով մտած իրենց ընկերներին սպասող տաքսու վարորդները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր որոշ մեկնաբանություններ տվեցին:
«Հավաքվել ենք, որ մեր հարցերը լուծենք` օրենքը փոխվի, կամ էլ սառեցնեն` 1 տարով, մինչեւ այս ճգնաժամից դուրս գանք», - ասաց վարորդներից մեկը: - «Մենք համաձայն ենք, որ գումար մուծենք, բայց տարեթիվ, դեղին համար, սակաչափիչ չլինի»:
Մեկ ուրիշ վարորդ առաջարկեց խնդրի լուծման իր տարբերակը. - «Օրինակ Վրաստանում գնում են, փողը մուծում են` երկու լարի, ու այդ օրը քշում են: Մենք էլ տանենք մի հատ պատուհանի` տանենք փողը մուծենք, 15,000-ը, կտրոնը վերցնենք, քշենք»:
Իմանալով, որ իրենց նամակն այսօր արդեն կհասնի Ազգային ժողովի նախագահին, անհատ տաքսու վարորդները ցրվեցին՝ որոշելով հավաքվել առաջիկա երկուշաբթի:
Տաթեւիկ Լազարյան