Փոխոստիկանապետի սպանությունը, ենթադրաբար, կապված է նրա մասնագիտական գործունեության հետ

Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առիթով ստեղծված քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ սպանությունը, ենթադրաբար, կապված է փոխոստիկանապետի մասնագիտական գործունեության հետ:

Սարդարյանը ղեկավարում է Հատուկ քննչական ծառայությունում ձեւավորված քննչական խումբը, որի կազմում ընդգրկվել են ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ hատուկ քննչական ծառայության աշխատակիցներ:

Քննչական խումբը, Հեկտոր Սարդարյանի փոխանցմամբ, այս պահին որոնում է սպանությունը կատարողին, որի ինքնությունը առայժմ պարզված չէ:

Գեւորգ Մհերյանը սպանվել է երեկ` 20:15-ին սահմաններում իր տան մուտքի մոտ` հրազենից արձակված կրակոցներով: Նա մահացել է գլխին հասցված երեք եւ մարմնին հասցված 1 կրակոցներից:

Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այս պահին իրենք սպասում են դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, որպեսզի ավելի ստույգ ճշտեն` արդյո՞ք Գեւորգ Մհերյանի ճակատին արձական կրակոցները ստուգողական են եղել:

Օգտագործված հրազենը, Սարդարյանի փոխանցմամբ, առանց խլացուցիչի է եղել: Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 8 պարկուճ:

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ գործել է պրոֆեսիոնալ մարդասպան, Հեկտոր Սարդարյանը պատասխանեց, թե, հավանաբար, ոչ, քանի որ «ոչ բոլոր կրակոցներն են նշանակետին հասել»:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով. 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանություն, որը կապված է անձի ծառայողական գործունեության հետ), եւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի հրազենի կրում): Ենթադրվում է, որ այն հրազենը, որը երեկ օգտագործել է Գեւորգ Մհերյանին սպանողը, ապօրինի է եղել:

Գեւորգ Մհերյանը, ով Հայաստանի փոխոստիկանապետ էր նշանակվել անցած տարվա հուլիսին, կանոնակարգում էր ոստիկանության անձնագրերի եւ վիզաների, նաեւ իրավական ապահովման վարչությունների աշխատանքը:

Փոխոստիկանապետի մահվան առիթով այսօր ցավակցություն է հայտնել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասել է. - «Խստորեն դատապարտելով կատարվածը` դիմում եմ իրավապահ մարմիններին` հորդորելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները այս բիրտ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի կառավարության եւ իր անունից խորին ցավակցություն է հայտնել Գեւորգ Մհերյանի հարազատներին, գործընկերներին։


Աստղիկ Բեդեւյան