Արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի լույս 2-ի գիշերը եւ այսօրվա ընթացքում շփման գծի որոշ հատվածներում «ադրբեջանական զինուժի մեղքով կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր»։

«Մասնավորապես, հակառակորդի դիրքապահները փոքր տրամաչափի տարբեր տեսակի հրաձգային զենքերից, այդ թվում նաեւ «Սեւ նետից» կրակակոծել են հարավում` Հորադիզի, արեւելքում` Կուրապատկինոյի, հյուսիս-արեւելքում` Թալիշի եւ հյուսիսում` Գյուլիստանի ուղղությամբ տեղակայված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերը», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ - «Ղարաբաղյան դիրքապահների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդը լռել է։ Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները կորուստներ չեն ունեցել»։