Հայաստանյան պատվիրակության տարածած հայտարարությունում, որը ստորագրել են 26 խորհրդարանականներ, այդ թվում` Ֆրանսիայից, Իտալիայից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Նորվեգիայից, Ուկրաինայից, Ալբանիայից, Բուլղարիայից եւ Մեծ Բրիտանիայից, Ադրբեջանի կառավարությանը կոչ է արվում «անհապաղ վերջ տալ Հայաստանի, հայ ժողովրդի եւ հայկական ծագում ունեցող անձանց նկատմամբ անհանդուրժողականության եւ ատելության քարոզչության քաղաքականությանը եւ գործողություններին»:
Հայտարարությունը կոչ է անում նաեւ Վեհաժողովի շրջանակներում գործող մոնիտորինգային կառույցներին` «հատուկ ուշադրություն դարձնել այդ խնդրին եւ իրենց եզրակացությունները ներառել իրենց հետագա զեկույցներում»:
«Եվրախորհուրդը նվիրված է մնում Եվրոպայի տարածքում հակամարտությունների քաղաքական լուծման եւ համերաշխության հաստատման ուղղությամբ համատեղ աշխատելուն, միջազգային հանրությունը շարունակում է նշանակալի ջանքեր ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բանակցությունների ճանապարհով տեւական խաղաղության եւ հաշտության հասնելու համար, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները հետեւողականորեն հրահրում, խրախուսում եւ հանդուրժում են Հայաստանի, նրա ժողովրդի եւ հայկական ծագում ունեցող անձանց նկատմամբ անհանդուրժողականության եւ ատելության քարոզչության լայնորեն տարածված դրսեւորումները», - շեշտում են հայտարարությանը հեղինակները:
Երեկ Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության տարածած հայտարարությունում, որին միացել էր 20 պատգամավոր, այդ թվում Թուրքիայից, Ալբանիայից, Բուլղարիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Մեծ Բրիտանիայից եւ Գերմանիայից, մասնավորապես ասված էր, թե 60 տարի առաջ Հայաստանից վտարել են 150 հազար ադրբեջանցու, իսկ մնացած ադրբեջանցիներն էլ «իրենց պատմական հողերից» վտարվել են 1988 թվականին: Հայտարարության հեղինակները կոչ էին անում «կոշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ` վտարված ադրբեջանցիների իրավունքները ճանաչելու համար»:
Կարինե Քալանթարյան, Ստրասբուրգ