«Ես այս հանդիպման հետ լուրջ հույսեր եմ կապում: Ինչ հույսեր ունի հայկական կողմը ասել չեմ կարող», - լրագրողների հետ զրույցում նշել է Թուրքիայի վարչապետը` մեկ անգամ էլ վերահաստատելով պաշտոնական Անկարայի այն մոտեցումը, թե հայ-թուրքական հարաբերություններում առկա առանցքային վիճահարույց խնդիրներից մեկը Ղարաբաղյան հակամարտությունն է:
«Մենք չենք կարող Ադրբեջանին միայնակ թողնել Ղարաբաղի խնդրում», - Դավոսում հավատարմագրված թուրք լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը` հավելելով. - «Հայ- թուրքական հետագա բանակցությունների հստակ ծրագիր կարող է կազմվել այն դեպքում, երբ մենք զգանք, որ հայկական կողմից հարաբերությունների կարգավորմանն ուղղված անկեղծ ձգտում կա»:
Այսօր առավոտյան Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ: Մինչեւ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների մեկնարկը նա պատրաստվում է եւս մեկ անգամ բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ:
«Բնական է, որ ես Սարգսյանին հանդիպելուց առաջ բանակցում եմ Իլհամ Ալիեւի հետ: Իմ եւ Ալիեւի հանդիպումը կհստակեցնի Սարգսյանի հետ բանակցությունների օրակարգը», - նշել է Թուրքիայի վարչապետը:
Ինչ վերաբերում է Դավոսում գտնվող Իլհամ Ալիեւի աշխատանքային գրաֆիկին ապա պետք է նշել, որ այստեղ նրա հիմնական քննարկումները էներգետիկ խնդիներին էին նվիրված: Իլհամ Ալիեւը Դավոս է ժամանել Բուդապեշտից, որտեղ մասնակցում էր «Նաբուկո» գազատարի շինարարության հեռանկարներին նվիրված միջազգային համաժողովին: Դավոսում Ալիեւը շարունակում էր խոսել Ռուսաստանը շրջանցող այս խողովակաշարի կարեւորության մասին:
«Նաբուկո»-ի շինարարությանն աջակցող պետություններն ու կազմակերպությունները պետք է ավելի համարձակ գործեն: Նրանք չպետք է ընկալեն «Նաբուկո»-ն զուտ շահույթ ստանալու տեսնակյունից: Սա էներգետիկ անվտանգության խնդիր է, ինչն էլ ի վերջո կհանգեցնի համապարփակ անվտանգության ամրապնդմանը: Այս ամենն էլ իր հերթին երկարաժամկետ տեսանկյունից նպաստելու է անկախության ամրապնդմանը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա