Սաբինա Ֆրեյզեր. «Մադրիդյան սկզբունքները Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման լավագույն շրջանակն է»

Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման համար «Մադրիդյան սկզբունքները լավագույն շրջանակն է»:

Ադրբեջանական գործակալությունը պարզաբանում է, որ 2007 թվականին Մադրիդում կայացած ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում հակամարտ կողմերին ներկայացված առաջարկները ենթադրում են Lեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում հանրաքվեի միջոցով, որը տեղի կունենա խաղաղ գործընթացի վերջնական փուլում, իսկ մինչ այդ կատարվելու են վստահության միջոցառումների մնացած քայլերը, ներառյալ` ուժի կիրառումից հրաժարում, օկուպացված տարածքներից հայկական ուժերի աստիճանաբար դուրսբերում, հարկադիր տեղահանվածների վերադարձ ու առեւտրային կապերի վերականգնում:

«Ադրբեջանում լայնորեն տարածված են սխալ պատկերացումներ եւ շաբլոն մտածողություն այդ առաջարկների նկատմամբ, կարծես թե դա գաղտնի դավադրություն է, որի նպատակն է օրինականացնել Lեռնային Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից: Նույնատիպ մտահոգություններ կան եւ Հայաստանում», - «Թրենդ»-ին ասել է Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, չափազանց կարեւոր է, որ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները տեղեկացնեն եւ խորհրդակցեն իրենց երկրների հասարակությունների հետ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաջարկների շուրջ: «Քաղաքացիական իրազեկության բարձրացումը, ադրբեջանցի եւ հայաստանցի գործընկերների հետ քննարկումները շատ կարեւոր են խաղաղ գործընթացում առաջընթացի հասնելու համար», - գտնում է Ֆրեյզերը:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, «Թրենդ» գործակալության հետ հարցազրույցում անդրադառնալով երեկ Ցյուրիխում կայացած Սարգսյան - Ալիեւ հանդիպմանը, ասել է, թե «հիմնարար սկզբունքների մի քանի առանցքային տարրեր մոտեցնելու հարցում երկու երկրների ղեկավարները առաջընթաց են արձանագրել»:


Հրաչ Մելքումյան, Պրահա