Իրենց հայտարարությունում ամփոփելով հունվարյան հանդիպումների արդյունքները` համանախագահները տեղեկացնում են, որ երեկ Ցյուրիխում ծանոթացել են Մադրիդյան առաջարկների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքներն ամբողջացնելու ուղիների վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարծիքներին:
«Համանախագահները համաձայնեցին աշխատել արտգործնախարարների հետ` Հիմնարար սկզբունքների շրջանակներում կարեւորագույն հարցերի շուրջ կողմերի միջեւ մնացող տարաձայնությունների հետ կապված առաջարկներ մշակելու եւ երկու նախագահներին ներկայացնելու համար: Համանախագահները հուսով են, որ կողմերը կկարողանան ամենամոտ ապագայում հաղթահարել այդ տարաձայնությունները` ապահովելու համար խաղաղ համաձայնագիր, որը բոլոր կողմերի համար ավելի լավ է, քան ստատուս քվոն: Նրանց նպատակն է արդարացի եւ հավասարակշռված համաձայնագիրը, հիմնված Հելսինկյան վերջնական փաստաթղթում ամրագրված` տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքների վրա», - ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում: