Հայաստանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն` Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի եւ Մեթյու Բրայզայի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
Այնուհետեւ երկու երկրների նախագահները բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով: Մեկ ժամ տեւած առանձնազրույցից հետո Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով:
Հայկական կողմը կառուցողական եւ դրական է գնահատել ցյուրիխյան հանդիպման արդյունքները: Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ իրենց տեսակետները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցի վերաբերյալ:
Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի նախորդ հանդիպումը կայացել էր 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ: Մոսկովյան հանդիպման ժամանակ երեք երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր ստորագրեցին, որով պատրաստակամություն էին հայտնում ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը բանակցություններից հետո մեկնել է Դավոս` մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: