Կովկասյան պլատֆորմի շրջանակներում հանդիպում` Ստամբուլում

Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի շրջանակներում այսօր Ստամբուլում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչները:

Հանդիպմանը մասնակցելու նպատակով երեկ Ստամբուլ է մեկնել Հայաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանի գլխավորած պատվիրակությունը:

Թուրքական կողմից նիստին մասնակցելու է արտգործնախարարության Կովկասյան տարածաշրջանի հարցերով խորհրդական Ունալ Չեւիքյոզը: Ռուսաստանն ու Ադրբեջանը կներկայացնեն փոխարտգործնախարարներ Վլադիմիր Տիտովն ու Արազ Ազիմովը:

Կովկասում կայունության եւ անվտանգության պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությամբ ռուս - վրացական օգոստոսյան պատերազմի օրերին հանդես եկավ պաշտոնական Անկարան: Թուրքական կողմն ակնկալում է, որ պլատֆորմը կնպաստի նաեւ հայ - թուրքական ու հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:

Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը թուրքական հեռուստատեսությամբ հայտարարել էր. - «Կարող եմ ասել, որ երբեք այսքան մոտ չենք եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, իր հերթին, լրագրողների հետ հունվարի 21-ի հանդիպմանը վերահաստատելով Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու` Հայաստանի դիրքորոշումը, նշել էր. - «Մենք սպասում ենք նույն դրսեւորումը Թուրքիայի կողմից, եւ այդ դեպքում իսկապես մենք շատ մոտ ենք հարցի լուծմանը: Այդ տեսանկյունից, ես կիսում եմ այն կարծիքը, որ հայտնել է Բաբաջանը, որ մենք շատ մոտ ենք հարցի կարգավորմանը: Բայց ես ասում եմ` շատ մոտ ենք եւ կարող ենք արդեն հաջորդ քայլը անել եւ լուծել այդ հարցերը, երբ որ Թուրքիան դրսեւորի նույն մոտեցումը` առանց նախապայմանների կարգավորելու եւ բացելու սահմանները»:

Թուրքական «Հուրիեթ» օրաթերթը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է, որ 5 երկրների ներկայացուցիչների այսօրվա հանդիպման օրակարգում առավելապես տեխնիկական բնույթի հարցեր են: Ակնկալվում է, որ այս հանդիպումներին մոտ ապագայում կհաջորդեն հանդիպումներ ավելի բարձր` արտգործնախարարների մակարդակով:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա