Ժամանակավոր հանձնաժողովը ստացել է տեղեկատվությունը «Չերյոմուխա»-ի մասին

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, հանձնաժողովը Հայաստանի գլխավոր դատախազությունից ստացել է «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի վերաբերյալ տեղեկատվություն:

Նիկոյանը պարզաբանեց, որ դատախազության ներկայացրած տեղեկատվության մեջ կան այն հարցերի պատասխանները, որոնք նա ակնկալում է Ռուսաստանից:

«Գրեթե մոտավորապես նույն հարցերով, ինչ որ ես էի դիմել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Նիկոյանը` հավելելով, - «Երբ իմացա, որ իրենք արդեն պատասխանը ստացել են, ես այդ պատասխանը խնդրել եմ եւ ստացել եմ»:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Ռուսաստանից ստացված գրությունը Սամվել Նիկոյանին է փոխանցել ոչ թե գլխավոր դատախազությունը, այլ հատուկ քննչական ծառայությունը:

Հիշեցնենք, Սամվել Նիկոյանը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին փոխանցել էր նամակ` ակնկալելով, որ նա կօգտագործի իր անձնական կապերը, նամակը տեղ կհասցնի եւ Հայաստան վերադառնալիս իր հետ կբերի «Չերյոմուխա 7»-ի վերաբերյալ պատասխանները: Սակայն Արամ Կարաետյանը վերադարձել է ձեռնունայն: Իսկ ժամանակավոր հանձնաժողովը այդ ընթացքում սպասում էր եւ նիստեր չէր անցկացնում:

«Բավարար ժամանակ է անցել եւ այդ ամենը կարելի էր անել ընդամենը մեկ ամսվա ժամկետում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը:

Ընդդիմադիր պատգամավորը տարակուսանք արտահայտեց` ի՞նչ կարիք կար առհասարակ դիմել Ռուսաստանի Դաշնությանը. - «Չերյոմուխա օգտագործող անձը` ի դեմս Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, պարտավոր էին այդ ստանդարտները, որ ինչպես է պետք դա օգտագործել, այդ ուղենիշները իրենց ձեռքի տակ ունենալ եւ ուղենիշներով արդեն իսկ առաջնորդվել: Եվ հասկանալ, թե ինչպես է օգտագործվել, ով է օգտագործել, ինչ դեպքում է խախտումը տեղի ունեցել, արդյո՞ք դրանք հնացած են եղել, հնացած չեն եղել: Պաշտոնապես հրապարակվեց, որ այդ «Չերյոմուխա - 7»-ը հնացած միջոց է, եւ եթե հնացած չլիներ, ապա 3 զոհ չէր լինի»:

2008 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքում հրապարակվել էր տեղեկատվություն մարտի 1-ին զոհված անձանց մարմնական վնասվածքների վերաբերյալ, ըստ որի դատաձգաբանական փորձաքննությամբ պարզվել էր, որ 23-ամյա Տիգրան Խաչատրյանը, 34-ամյա Արմեն Ֆարմանյանը եւ 29-ամյա Գոռ Քլոյանը զոհվել են «Չերյոմուխա -7» տեսակի զենքից: Երեք զոհերը տուժող են համարվում «7-ի գործով»:


Անուշ Մարտիրոսյան