Տեղի է ունեցել սգո երթ դեպի Բաքվի հայ զոհերի հուշակոթողը

Այսօր` 1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի 19-րդ տարելիցի օրը, «Փախստականները եւ միջազգային իրավունքը» անվանումը կրող քաղաքացիական ցանցը սգո երթ էր կազմակերպել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող` Բաքվի հայ զոհերի հուշակոթողը:

Միջոցառման մասնակիցներից՝ Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ երթը նաեւ նպատակ ունի փաստելու, «որ ադրբեջանահայ փախստականները շարունակաբար պայքարելու են իրենց շահերի եւ իրավունքների պաշտպանության համար»:

«Ես կարծում եմ, որ տարիներ շարունակ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները, ըստ էության, անտեսել են ադրբեջանահայ փախստականների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության խնդիրը», - ասաց Մելիքյանը:

«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը նկատեց, որ Հայաստանի իշխանությունները ընդամենը փորձում են որոշ սոցիալական խնդիրներ լուծել:

«Ցանցը այսօր այստեղ ցանկանում է հիշեցնել, որ բացի սոցիալական իրավունքներից, գոյություն ունի փախստականների քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցը, որով մեր իշխանությունները բացարձակապես չեն զբաղվում», - հայտարարեց Էլեոնորա Ասատրյանը:


Տիգրան Ավետիսյան