«Ժառանգություն»-ը պահանջում է քրեական գործ հարուցել կալանավայրերում բռնությունների առնչությամբ

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը Հայաստանի գլխավոր դատախազից պահանջում է անհապաղ քրեական գործ հարուցել քրեակատարողական հիմնարկներում կատարվող բռնությունների առնչությամբ:

«Դեկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» մեկուսարանում կալանավորների նկատմամբ կիրառված բռնության դեպքի հետ կապված «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների, Մարդու իրավունքների պաշտպանի եւ իրավապաշտպան տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից կատարած այցելությունները վկայում են բռնության դեպքերի աղաղակող փաստերի մասին», - ասված է Ազգային ժողովի միակ ընդդիմադիր խմբակցության այսօրվա հայտարարությունում:

Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին երեկ նամակ է հղել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` գրելով. - «Իմ հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցները 2009 թվականի հունվարի 9-ին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել կալանավոր Վարդգես Գասպարիի հետ, որը հայտնել է, որ 2008 թվականի դեկտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում խցերից արգելված իրեր դուրս բերելու նպատակով կատարված խուզարկության ընթացքում խուց են մտել զինվորականի հագուստով թվով մոտ տաս անձինք, որոնք կատարել են նախ խցի խուզարկություն, իսկ այնուհետեւ Գասպարիին եւ խցում գտնվող այլ կալանավորներին ենթարկել են անձնական խուզարկության: Վարդգես Գասպարին հայտնել է նաեւ, որ խուզարկություններն իրականացնելուց հետո իրեն է մոտեցել վերը նշված անձանցից մեկը՝ ապտակել, այնուհետեւ արժանացրել պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Վարդգես Գասպարիի պնդմամբ, ինքը կարող է մատնացույց անել նշված գործողություններ իրականացնող անձին»:

Օմբուդսմենը առաջարկել է «հանձնարարել քննարկելու գրությամբ բարձրացված հարցերը եւ ձեռնարկելու միջոցներ մեղավորներին հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: