Համազեկուցողները մտահոգություն են արտահայտել անազատության մեջ պահվող անձանց կապակցությամբ

«Ամեն դեպքում իրենց մոտ այդ մտահոգությունը կար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանը, ով երեկ Երեւանում հանդիպում էր ունեցել ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի հետ:

Դիտարկմանը, թե քանի որ գլխավոր պահանջը եղել է հենց այն, որ Եվրախորհուրդը չի կարող հանդուրժել քաղբանտարկյալների գոյությունը կառույցին անդամակցող Հայաստանում, նաեւ` որ այդ պահանջը դեռեւս չի կատարվել, եւ հարցին, թե կարելի է ասել, որ Հայաստանը, ըստ Մոնիտորինգի հանձնաժողովի, որեւէ առաջընթաց չի արձանագրել, Նիկոյանը արձագանքեց. - «Ես չեմ ուզում առաջընթացի կամ հետընթացի մասին խոսել: Ես կարծում եմ, որ երբ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը եղավ, եւ նրանք արդեն հստակ գնահատականներ տվեցին, ձեւակերպումներ` քաղբանտարկյալ, կարծում եմ նրանք երբեք էլ չառաջնորդվեցին ե'ւ հենց այդ բանտարկյալների շահերից, ե’ւ մեր պետության շահերից... Ներքաղաքական իրավիճակը դրանից շատ ավելի սրվեց: Որտեղ սրվում է ներքաղաքական իրավիճակը, որտեղ կա անհանդուրժողականության մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուրը փորձում է լծակներով հաղթել մյուսներին, այնտեղ լավ ավարտի մասին խոսք չի կարող լինել` ե’ւ պետության համար, ե’ւ կոնկրետ անձերի համար»:

«Իշխանությունը պարտավոր է լինել զիջող, բայց բոլորս եկեք հասկանանք մի բան` իշխանությունը չի կարող պարտվել... Այն, որ ստիպողաբար նրանց պարտադրեն որեւէ քայլերի. լինի ներսից, լինի Եվրոպայի խորհրդից: Դա շատ վտանգավոր է», - եզրափակեց նա` հավելելով. - «Կարելի էր այդ հարցերը լուծել շատ ավելի մեղմ, շատ ավելի հանգիստ մթնոլորտում` փոխադարձ ընդառաջ քայլերով»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարում` Սամվել Նիկոյանը)