Վլադիմիր Պուտինը այսօր է ժամանում Գերմանիայի մայրաքաղաք: Ամբողջ Եվրոպայի ուշադրության կենտրոնում գազի մատակարարման շուրջ ռուս - ուկրաինական վեճն է: Մոսկվան եւ Կիեւը միմյանց են մեղադրում Ուկրաինայի տարածքով վառելիքի փոխադրումը Եվրոպա խափանելու համար: Ռուսները պնդում են, որ գազը հասնում է խողովակաշարի ուկրաինական հատված, սակայն ուկրաինացիները չեն ընդունում վառելիքը:
Արդեն վաղը Պուտինը Մոսկվայում բանակցելու է Ուկրաինայի վարչապետ 3ուլիա Տիմոշենկոյի հետ: Վերջինս երեկ հայտարարել է, թե Ուկրաինան ունի գազի մեկ տարվա պաշար, եւ ավելացրել. - «Սա մեզ ընձեռում է շատ վստահ դիրքից բանակցելու հնարավորություն»:
Դեռ նախօրեին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն առաջարկել է Մոսկվայում գումարել Ռուսաստանից գազ ստացող, ինչպես նաեւ այն տարանցիկ ուղով փոխադրող երկրների գագաթնաժողով եւ քննարկել այս վիճակից դուրս գալու հնարավորությունը:
Եվրամիությունը հայտնել է, որ պատրաստ է Մոսկվա գործուղել էներգետիկայի հարցերով հանձնակատար Անդրիս Պիբալգսին եւ ԵՄ-ում նախագահող Չեխիայի էներգետիկայի նախարար Մարտին Ռիմանին: Ուկրաինայի նախագահ Վիկտոր 3ուշչենկոն, մինչդեռ, ակնարկել է, որ չի ցանկանում մասնակցել այդ գագաթնաժողովին:
Արմեն Քոլոյան, Պրահա