«Ես կարծում եմ, որ իշխանությունները, նախագահի գլխավորությամբ, բավականաչափ գործ արել են, որպեսզի պատժամիջոցներ չլինեն: Մշուշոտ եմ համարում այն հեռանկարը, որ Հայաստանը կզրկվի ձայնի իրավունքից, որովհետեւ չեմ տեսնում դրա համար շատ լուրջ հիմքեր», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց Շարմազանովը` հիմնավորելով. - «Ամենակարեւորը` նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետությունում ստեղծել է բավականին դրական քաղաքական իրավիճակ: Եվ շատ հայտնի գործիչներից մեկը` տիկին Կոնդոլիզա Ռայսը, ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը թեւակոխել է քաղաքական բարեփոխումների առաջընթացի ժամանակաշրջան: Մարտի 1-ի հանձնաժողովի մասին կարող եմ ասել. բոլորս տեսանք, որ Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովը չդարձավ իշխանությունների կամակատարը»:
«Սզատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ձայնի իրավունքից զրկելու համար լուրջ հիմք չէ այն, որ ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովը արդեն արձանագրել է Հայաստանում քաղաքական բանտարկյալների գոյության փաստը եւ կոնկրետ պահանջներ է դրել նրանց ազատ արձակելու ուղղությամբ, պատգամավորը արձագանքեց. - «Խորհրդարանական դիվանագիտությունը ավելի ազատ է, քան պաշտոնական դիվանագիտությունը, ուստի խորհրդարանական դիվանագիտությունը կարող է տարբեր որակումներ իրեն թույլ տալ, եւ դա չի նշանակում, որ եթե խորհրդարանական եվրոպական դիվանագիտությունը օգտագործում է քաղբանտարկյալներ տերմինը, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում կան քաղբանտարկյալներ կամ չկան»:
«Եթե Հայաստանի Հանրապետությունը զրկվի կոնկրետ այդ կառույցում ձայնի իրավունքից», - շարունակեց նա, - «դա չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, որովհետեւ այստեղ կա ե’ւ հեղինակության խնդիր, ե’ւ տարբեր խնդիրներ են առաջանում: Բայց ես նաեւ այն կարծիքին չեմ, որ եթե մեզ ձայնից զրկեն, ուրեմն սկսվում է խավարի ժամանակաշրջան, եւ ամեն ինչ վերջանում է»:
Ռուզաննա Ստեփանյան