Հայ դատի հանձնախումբը ակնկալում է հայ - ամերիկյան հարաբերությունների նոր փուլի սկիզբը

Ամերիկայի հայ դատի հանձնախումբն ակնկալում է, որ Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն ու նոր գումարման Կոնգրեսը հավատարիմ կմնան իրենց նախընտրական խոստումներին եւ հայ - ամերիկյան հարաբերություններում նոր փուլ կսկսվի: Մասնավորապես, սպասելիքներ կան, որ առաջիկա տարիներին Միացյալ Նահանգները կակտիվացնի ֆինանսական եւ քաղաքական աջակցությունը Հայաստանին:

Երեկ տեղի է ունեցել Միացյալ Նահանգների նորընտիր Կոնգրեսի անդրանիկ նիստը, որին ներկա են եղել նաեւ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներն ու մի խումբ հայ պատվիրակներ: Հայ դատի հանձնախմբի մամուլի հարցերով պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ առիթից օգտվելով` հայ պատվիրակները հանդիպումներ են ունեցել մի շարք կոնգրեսականների հետ եւ զրուցել Հայաստանի հետ կապված խնդիրների շուրջ:

«Մեր հետապնդած նպատակն է` շարունակել հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքները, ինչպես նաեւ` առաջ քաշել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքների հարցերը, եւ, ընդհանրապես, սատարել ու հզորացնել Ամերիկա - Հայաստան հարաբերությունները», - նշեց Էլիզաբեթ Չուլջյանը: - «Սրանք հարցեր են, որոնց վրա պիտի կենտրոնանանք եւ առաջիկա ամիսներին հնարավոր է նորանոր բանաձեւեր ներկայացվեն կամ պարզապես կոնգրեսականների հետ աշխատակցելով տարբեր առաջընթացներ տեսնենք այստեղ»:

ԱՄՆ նորընտիր կոնգրեսականների շուրջ 95 տոկոսը վայելում էր Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը: Մասնավորապես, Ներկայացուցիչների պալատում վերընտրվեցին խոսնակ Նենսի Փելոսին, Ջորջ Ռադանովիչը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջիմ Կոստան եւ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի այլ անդամներ ու հայամետ այլ կոնգրեսականներ:

Էլիզաբեթ Չուլջյանի կարծիքով` ԱՄՆ նորընտիր նախագահի եւ կոնգրեսականների արտահայտած դիրքորոշումները հույս են ներշնչում, որ կարելի է առաջընթաց գրանցել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

«Բացի այդ, Հայաստանը շարունակում է շրջափակված մնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից եւ սա նյութ է, որ կշարունակենք աշխատել ԱՄՆ նախագահի վարչակազմի եւ Կոնգրեսի հետ, որպեսզի վերջապես ճնշում բանեցնենք Թուրքական կառավարության վրա, որ իրենց ապօրինի շրջափակումը վերացվի: Որպես հետեւանք այդ շրջափակման` Հայաստանը ծանր ֆինանսական դժվարություններ ունի, եւ այդ տեսակետից պետք է աշխատենք, որպեսզի շարունակվի ամերիկյան օժանդակութոյւնը դեպի Հայաստան», - հավելեց Հայ դատի հանձնախմբի մամուլի հարցերով պատասխանատուն:

Անդրադառնալով «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին, Էլիզաբեթ Չուլջյանը նշեց, որ թեեւ վերջին շրջանում «որոշ սառեցումներ են տեղի ունեցել», Հայ դատի հանձնախումբը հույս ունի, որ հնարավոր է հաղթահարել առաջացած դժվարությունները եւ շարունակել ծրագրի իրականացումը Հայաստանում:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա