Տիգրան Սարգսյան. «Ագրեսիվ ծախսային քաղաքականությամբ կկարողանանք չեզոքացնել ճգնաժամի հետեւանքները»

Վարչապետ Տիգրան Սարգսյանը գտնում է, որ 2009 թվականին կառավարության նախատեսած միջոցառումները կօգնեն Հայաստանին նվազեցնել միջազգային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները:

«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ ենթակառուցվածքների ոլորտում կառավարության կողմից ձեռնարկված մի շարք խոշոր ներդրումային ծրագրերը հնարավորություն կտան նոր աշխատատեղեր ստեղծել:

«Ակնհայտ է, որ ենթակառուցվածքում կատարվող ծախսերը, դա` ճանապարհաշինությունն է, շինարարությունը ընդհանրապես, աղետի գոտու վերականգնումը, էներգետիկայի ոլորտը, ոռոգման համակարգը, խմելու ջուրը», - պարզաբանեց վարչապետը, - «այս ոլորտներում մենք փորձելու ենք էապես ավելացնել մեր ծախսերը: Բնականաբար, այս ամենի հետեւանքով ստեղծվելու են նոր աշխատատեղեր»:

«Դրան զուգահեռաբար մենք կտրուկ ավելացնելու ենք փոքր եւ միջին բիզնեսին տրվող վարկերը, որպեսզի փոքր եւ միջին ձեռնարկությունները ստանան հնարավորություն իրականցնելու իրենց գործունեությունը», - նշեց Տիգրան Սարգսյանը, հավելելով, որ այդ նպատակի համար կառավարությունն այժմ աշխատում է շուրջ 250 միլիոն դոլարի լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթել:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նաեւ թվարկեց կառավարության այն երեք խոշոր ծրագրերը, որոնք «նույնպես էապես կօժանդակեն չեզոքացնելու» համաշխարհային ճգնաժամի հետեւանքները:

«Մասնավորապես, Ասիական բանկի հետ միասին Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության մասին է խոսքը գնում, որը ունի ռեգիոնալ բովանդակություն եւ իրականացվելու է Վրաստանի հետ համատեղ: Երկրորդ մեծածավալ ծրագիրը նոր ատոմակայանի շինարարությունն է, երրորդը` [Իրան-Հայաստան] երկաթգծի կառուցումն է», - ասաց վարչապետը: - «Հասկանալի է, որ այս երեք խոշոր ծրագրերը ենթադրում են, որ պետք է նոր աշխատատեղեր ստեղծվեն»:

«Աղետի գոտում շուրջ 250 միլիոն դոլարի շինարարությունը, որը իրականացնելու ենք մոտակա 3 տարիների ընթացքում, ենթադրում է, որ եւս լրացուցիչ 5 հազար աշխատատեղ է ստեղծվելու, եւ բնականաբար պետության այսպիսի ագրեսիվ ծախսային քաղաքականությունը կնպաստի, որ մենք կարողանանք չեզոքացնել բացասական հետեւանքները եւ ստեղծել նոր աշխատատեղեր», - ամփոփեց Տիգրան Սարգսյանը:

Մեկնաբանելով այն հանգամանքը, որ 2008 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների վիճակագրական ցուցանիշների համաձայն` Հայաստանի առեւտրային բալանսը բացասական է եւ ներմուծումը (3579.2 միլիոն դոլար) մոտ չորս անգամ գերազանցում է արտահանումը (941.2 միլիոն դոլար), Տիգրան Սարգսյանը մատնանշեց, որ «չափազանց կարեւոր ցուցանիշ է վճարային հաշվեկշիռը, ոչ թե միայն առեւտրային բալանսը, ինչի վրա մշտապես մեր ուշադրությունը հրավիրում են»:

Այդուհանդերձ, վարչապետը փաստեց, որ տնտեսության ոլորտում խնդիրներ կան. - «Բնականաբար, Հայաստանի Հանրապետությունը ունի լրջագույն խնդիր` տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, տնտեսության նոր կառուցվածք է ձեւավորվում եւ պետք է կարողանանք հասկանալ, թե ինչպիսին է մեր տնտեսական համակարգի ապագան եւ մեր տնտեսությունը ինչպիսի կառուցվածք պետք է ունենա»:

«Շատերը երազում են այն օրերի մասին, որ մենք պետք է ունենանք հզոր մեքենաշինություն, պետք է արտադրենք այնպիսի ապրանքներ, ինչպիսին որ արտադրում է Չինաստանը, Հնդկաստանը: Կարծում եմ, բոլորն էլ քաջ գիտակցում են, որ դա մեզ համար ապագա չէ: Մեր ռազմավարության մեջ հստակ նշված է, որ մենք առաջին հերթին ուշադրություն ենք դարձնելու ոչ թե նյութատար արտադրություններին, այլ` աշխատատար, ինտելեկտուալ պոտենցիալի վրա հիմնված տնտեսության ձեւավորմանը», - թեման շարունակելով` մեկնաբանեց վարչապետը:

Ըստ Տիգրան Սարգսյանի` Հայաստանի որդեգրած տնտեսական ռազմավարության պարագայում «ուշադրության կենտրոնում առաջին հերթին պետք է լինի վճարային հաշվեկշիռը, ոչ թե ապրանքների արտահանումը, այլ ծառայությունների արտահանումը, ոչ թե միայն Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության իրականացումը, այլ երկրի տարածքից դուրս` հայկական աշխարհում»:

Վարչապետը պատասխանեց նաեւ մի քանի քաղաքական հնչեղություն ստացած հարցերի:

Դեկտեմբերին կառավարությունը մերժել էր ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի` դահլիճ տրամադրելու դիմումը: Մեկնաբանելով կառավարության այդ որոշումը, Տիգրան Սարգսյանը ասաց. - «Եթե մենք պայմանագրով տրամադրում ենք կառավարության նիստերի դահլիճը որեւիցե կազմակերպության, ապա պայմանագրով նախատեսված պայմանները պետք է պահպանվեն: Եթե կազմակերպությունը չի պահպանում այդ կանոնները, ապա երկրորդ անգամ նրանց այդ դահլիճը չի տրամադրվում»:

«[Հայ ազգային կոնգրեսի կողմից կառավարության նիստերի դահլիճում անցկացված առաջին համաժողովի ժամանակ] չեն պահպանվել այն կանոնները, որոնք մատնանշվել էին մեր կողմից` դահլիճում քանի հոգի պետք է լինի, դահլիճի ներքեւի սրահում ինչպիսի կանոններ պետք է պահպանվեն, միջոցառումը երբ պետք է սկսվի, երբ պետք է ավարտվի, եւ այլն», - նշեց վարչապետը:

2007 թվականից ստուգումներ են սկսվել «Սիլ» կոնցեռնին պատկանող «Բջնի» գործարանում: 2008 թվականի հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը վճիռ է կայացրել «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունից ավելի քան 4 միլիարդ դրամ բռնագանձելու մասին, ինչը, «Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ, քաղաքական ենթատեքստ ունի եւ հետեւանք է այն հանգամանքի, որ կոնցեռնի սեփականատերերը` Սուքիասյան եղբայրները, անցած նախագահական ընտրություններում իրենց զորակցությունն են հայտնել ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Խոսելով «Բջնի» գործարանի հետ կապված խնդրի քաղաքականացման մասին, Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասաց. - «Վերահսկողական գործընթացը սկսվել է շատ ավելի վաղուց եւ ոչ միայն «Բջնիում», այլ նաեւ այդ նույն ոլորտի պատկանող այլ ձեռնարկություններում եւ շատ ձեռնարկություններում են հայտնաբերվել այդպիսի խախտումներ: Ուղղակի, ի տարբերություն «Բջնիի», այդ ձեռնարկությունները ընդունել են իրենց մեղավորությունը եւ կատարել են իրենց պարտավորությունները բյուջեի նկատմամբ»:


Աննա Իսրայելյան եւ Ռուբեն Մելոյան