«Սիվիլիթաս» հիմնադրամը ներկայացրեց իր առաջին զեկույցը

Ցանկացած ճգնաժամ իր հետ բերում է նոր հնարավորություններ, եթե կարողանում ենք ճգնաժամի ընթացքում ճիշտ գնահատել իրավիճակը եւ գտնել դրա հաղթահարման ուղիները, միանշանակ դրանից շահած ենք դուրս գալիս: Դեկտեմբերի 26-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի հրապարակած առաջին` «Հայաստան 2008. Ճգնաժամ եւ հնարավորություն» զեկույցի ներկայացման ժամանակ նման կարծիք հայտնեց հիմնադրամի նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Հայաստանը նման իրավիճակում երբեւիցե չի հայտնվել: Պատկերացրեք, որ տնտեսական այս ծանր իրավիճակում, ներքաղաքական լարվածության պայմաններում հունվարին, իսկապես Եվրոպայի խորհուրդը որոշում կայացնի Հայաստանի պատվիրակության քվեարկության իրավունքը զրկելու: Ես կարծում եմ, որ սա ճգնաժամը առավել կխորացնի», - ասաց Օսկանյանը` հավելելով. - «Ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը այս խնդիրը հանրապետության նախագահի առաջ պետք է դնեն, որովհետեւ սա արդեն հայության խնդիրն է, սա նաեւ սփյուռքահայությանն է մտահոգում»:

Շեշտելով, թե Հայաստանի քաղաքական դաշտի իրական պատկերը չարտացոլող Ազգային Ժողովը «ցավոտ» խնդիրներից մեկն է, Վարդան Օսկանյանը նաեւ ասում է, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների կողմնակիցը չէ, քանի որ դրան առաջին հերթին պատրաստ չէ հենց քաղաքական դաշտը: Ընդհանրապես, նախկին արտգործնախարարը գտնում է, որ անհրաժեշտ է փոխել հասարակության այն սխալ ընկալումը, թե ընդդիմությունը պարտադիր ծայրահեղական պետք է լինի:

«Ընդդիմությունը պետք է լինի այն քաղաքական գործոնը, որը իշխանությունների հետ հակասությունների դիալեկտիկան կստեղծի, որպեսզի երկիրը առաջ գնա», - պնդեց Օսկանյանը:

Երեւանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Հարությունյանը, հակադարձելով Օսկանյանին, հայտարարեց, թե Հայաստանը ոչ-թե քաղաքական ճգնաժամի, այլ փակուղու մեջ է` «եւ այստեղից է գալիս ընդդիմադիր ուժերի ռադիկալությունը»:

Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, իր ելույթում անդրադարձավ համընդհանուր ֆինանսական ճգնաժամին: Ըստ նրա` 90-ականներին Հայաստանը որոշակի հաջողություններ գրանցեց` էժանագին եւ անորակ ներմուծվող ապրանքը տեղականով փոխարինելով. աճեց ներքին արտադրությունը: Հաջորդ քայլը, նախկին վարչապետի կարծիքով, պետք է լիներ տնտեսական դաշտի ընդլայնումն ու արտաքին շուկաներ գրավելը, սակայն դա չարվեց:

«Ցավով պետք է փաստեմ, որ մենք նորից վերադառնալու ենք ընդամենը էժանագին իմպորտի փոխակերպման քաղաքականությանը, այսինքն մենք հիմա վերադառնում ենք 1993 թվական: 2009 թվականին, եթե մենք խելոք գտնվենք, մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք այդ նվազող ներմուծման ծավալները փոխակերպենք մեր ներքին արտադրական ծավալներով, բայց դրա համար էլ ռեսուրսներ են պետք, տնտեսական դաշտ է պետք, մրցակցային դաշտ է պետք, եւ արդարություն է պետք այդ դաշտում, նաեւ հարկային դաշտում, ինչը, ցավոք սրտի, այսօր փաստ չէ», - կարծիք հայտնեց Արմեն Դարբինյանը:

«Ես շատ պեսիմիստական եմ տրամադրված 2009 եւ գալիք տարիների կապակցությամբ, եւ ասեմ, որ լավագույն դեպքում մեզ սպասում է 1993 թվականի վիճակը` ներքին արտադրանքի մասով, իսկ վատագույն դեպքում` ավելի նեղ կկապենք գոտիները, անընդհատ կնեղացնենք, ի՞նչ արած», - եզրակացրեց Դարբինյանը:


Ռուբեն Մելոյան