7 կալանավորները հեռացվեցին դատարանի դահլիճից

Այսօր Երեւանի քրեական դատարանը` Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում շարունակեց մարտի 1-2-ի իրադարձությունների առիթով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի 7 ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը:

Դատարանի շենքի ներսում եւ հարակից տարածքում մթնոլորտը լարված էր: Ուժային եւ դատական մարմինները խստացրել էին շենքի պահպանությունը: Դահլիճում հիմնականում տեղ էին զբաղեցրել քրեական գործով տուժող ճանաչված իրավապահ համակարգի աշխատողները: 7 կալանավորներին սատարող քաղաքական ուժերի ղեկավարների, ինչպես նաեւ լրագրողների համար դահլիճում տեղ չէր մնացել:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նիստի ընթացքում մի քանի անգամ ընդմիջում հայտարարեց, դատավարության մասնակիցների համար ընթերցեց քրեադատավարական օրենսդրության դրույթները, իսկ վերջում` սանկցիաներ կիրառեց 7 կալանավորների նկատամամբ` նրանց դահլիճից հեռացնելով: Սանկցիաների կիրառումը դատավորը պատճառաբանեց այն հանգամանքով, որ 7 կալանավորները ոտքի չէին կանգնել դատավորի` դահլիճ մուտք գործելիս` անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով դատարանի նկատմամբ: Այնուհետեւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական նիստը հետաձգեց մինչեւ դեկտեմբերի 27-ը:

Դատական նիստը նախատեսվածից ուշ սկսվեց, քանի որ մեղադրյալներից` Գրիգոր Ոսկերչյանը 40 րոպե ուշացումով էր դատարան բերվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից:

Ոսկերչյանի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանի փոխանցմամբ` իր պաշտպանյալի նկատմամբ այսօր բռնություն է գործադրվել քրեակատարողական հիմնարկում, ինչի հետեւանքով Ոսկերչյանը ուշացումով է բերվել դատարան: Փաստաբանը պատրաստվում է փաստի առիթով հաղորդում ներկայացնել դատախազություն:

«Առավոտյան եկել են քրեական պատիժների իրագործման վարչությունից` հատուկ նշանակության ինչ-որ ջոկատ կա, ստուգումներ են անցկացրել խցում: Նրանց ղեկավարը ճշտել է Ոսկերչյանից` որ հոդվածով է նա գտնվում մեկուսարանում եւ իմանալով, որ «7-ի գործով» ամբաստանյալներից մեկն է` ծեծի է ենթարկել Գրիգոր Ոսկերչյանին», - ասաց Ստեփան Ոսկանյանը:

Ավելի ուշ` քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կտրականապես հերքեց Ոսկերչյանի նկատմամբ բռնություն գործադրելու մասին պաշտպանի տեղեկությունները:

Հիշյալ գործով 7 ընդդիմադիր գործիչների` նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու մեղադրանքներ են առաջադրվել: Մյասնիկ Մալխասյանին մեղադրանք է ներկայացվել նաեւ ոստիկաններին դիմադրություն ցույց տվող ամբոխի գործողությունները անձամբ ղեկավարելու, Սասուն Միքայելյանին` ապօրինի զենք կրելու մեջ:


Կարինե Քալանթարյան