Գալուստ Սահակյան. «Ճնշում է գործադրվում Հայաստանի իշխանության վրա»

«Ես չեմ կարծում, որ պիտի խնդանք կամ լացենք դրա համար», - հայտարարեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով հայաստանյան պատվիրակության քվեարկելու իրավունքը կասեցնելու վերաբերյալ ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի առաջարկը:

«Ես չեմ կարծում, որ նման իրավիճակներում մեծ ազդեցություն պիտի գործի իշխանությունների գործելակերպի նկատմամբ», - հավելեց նա:

Իշխանությունը արած հետեւություններին վերաբերող հարցին Սահակյանը հակադարձեց. - «Խառնաշփոթը ավելի շատ լրագրողական է եւ ընդդիմադիր դաշտում է: Իհարկե, շատ լավ կլիներ, որ ամբողջ աշխարհը մեզ գովեր, գովեր նաեւ մոնիտորինգի խումբը, բայց երկիրը չենք կարող վտանգենք բաժակաճառերի միջոցով Եվրոպայի եւ փորձենք իրավական հարթությունից ամեն ինչ դեն նետենք, որպեսզի ինչ-որ մարդիկ մեզ համար ծափ տային»:
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պահանջները, Հանրապետական խմբակցության ղեկավարի հավաստմամբ, «կրկնակի եւ եռակի անգամ է կատարվել Հայաստանում»:

Այդ դեպքում, ինչո՞ւ է Մոնիտորինգի հանձնաժողովը որոշել քննարկել հայաստանյան պատվիրակության ձայնի իրավունքի վերաբերյալ հարցը: Գալուստ Սահակյանի պնդմամբ` ճնշում է գործադրվում Հայաստանի իշխանության վրա:

Հարցին, թե ո՞վ է ճնշում, նա պատասխանեց. - «Անձերը, մոնիտորինգի խմբի անդամները: Որովհետեւ մոնիտորինգի խմբի անդամները 80-ից ավելի են, բայց նիստն անցկացրել են 15 հոգով: Այսինքն, բացառված չէ, որ նրանք են եկել, որոնք որ խնդիր են ունեցել Հայաստանի նկատմամբ»:

Իսկ թե դա ինչով կարող է պայմանավորված լինել` Սահակյանը ասաց. - «Ժամանակը չէ, որ խորանանք: Դա հետեւանքն է լեւոնյան պայքարի: Ուզում են տարբեր ճանապարհներով ազդեցությունները մեծացնել»:

Հանրապետական խմբակցության ղեկավարը սպասում է հայաստանյան պատվիրակության անդամների վերադարձին. - «Մեր ներկայացուցիչները վերադառնան, բնականաբար, կբերեն նաեւ մասնակիցների անունները, եւ մենք կզգանք, թե որ պետությունը կամ ովքեր են մեր բարեկամները, կամ ովքեր խնդիրներ ունեն Հայաստանի հետ»:

ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանից իր սպասելիքների վերաբերյալ Գալուստ Սահակյանը ասաց. - «Կարծում եմ, իրավիճակի փոփոխություններ կլինեն»:

Հարցին, թե ինչպե՞ս կվարվի իշխանությունը, ազատ կարձակի՞ բանտարկված ընդդիմադիրներին, ինչպես Գալուստ Սահակյանը, այնպես էլ Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը որոշակի պատասխան չտվեցին, ասելով, թե շարունակելու են բարեփոխումներ իրականացնել:

«Բայց ամենածայրահեղը, եթե Հայաստանին ձայնի իրավունքից պիտի զրկեն... Ես, նախ, չեմ կարծում, որ նման իրողության կհանդիպենք, եւ չեմ էլ կարծում, որ այնքան անխոհեմ կգտնվի Եվրախորհուրդը, որ մեզ ավելի կսերտացնի այլ դաշտերի հետ եւ ոչ Եվրախորհրդի», - հայտարարեց Գալուստ Սահակյանը` մանրամասնելով. - «Ասենք, Եվրախորհուրդը միջազգային հանրության մի մասն է կազմում, մուսուլմանական աշխարհն էլ որոշակի կառույցներ ունի: Մեզ ձայնից պետք է զրկեն, որ այնտե՞ղ ձայն հանենք»:


Անուշ Մարտիրոսյան