Դավիթ Շահնազարյան. «Մարտի 1-ին ընդդիմությունը ռումբեր եւ հատուկ միջոցներ չի օգտագործել»

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի փոխանցմամբ, մոտ օրերս Հայաստան է ժամանելու միջազգային փորձագետ` մարտի 1-2-ի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներին հանդիպելու նպատակով:

«Շուտով Հայաստան կժամանի միջազգային փորձագետ, բառացիորեն` մոտ օրերս: Օգնելու համար, համագործակցելու համար: Լիազորությունները, մանդատը դեռ պարզ չէ», - երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շահնազարյանը:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը հերքեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի` վերջերս արած հայտարարությունը, թե ընդդիմությունը մարտի 1-ին օգտագործել է ռումբեր եւ «Զարյա» տեսակի հատուկ միջոցներ:

«Իրավապահ մարմինները մարտական ռումբի որեւէ բեկոր չեն հայտնաբերել ո’չ զոհվածների կամ վիրավորվածների մարմնում, ո’չ էլ ընդհանրապես տեղանքում», - ասաց Շահնազարյանը: - «Այստեղից ավելի քան ակնհայտ էր, որ զինվորականները վիրավորվել են իրենց օգտագործած հատուկ գազային կամ մյուս տեսակի նռնակների բեկորներով, եւ դրա համար հնչեց այդ անհեթեթ հայտարարությունը, որ ընդդիմությունը «Զարյա» տիպի հատուկ միջոցներ է բերել»:

Միջազգային փորձագետի ժամանման մասին տեղեկությունը հաստատեց նաեւ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Բալայանը ասաց, որ դեկտեմբերի 19-ին Հայաստան է ժամանելու միջազգային փորձագետ, ազգությամբ շվեդ, Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Դանիել Տարշիսը: Տիգրան Բալայանի տեղեկություններով` փորձագետը հանդիպելու է Փաստահավաք խմբի եւ մարտի 1-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանրձաժողովի անդամներին, ինչպես նաեւ` մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին:


Անուշ Մարտիրոսյան