Մոնիտորինգի հանձնաժողովը առաջարկում է կասեցնել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ձայնի իրավունքը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի նիստում առաջարկություն է ընդունվել` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ձայնի իրավունքը կասեցնելու վերաբերյալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

«Ընդհանուր առմամբ, առաջարկվում է կասեցնել հայկական պատվիրակության քվեարկության ձայնի իրավունքը», - պարզաբանեց նա` մանրամասնելով. - «Հանձնաժողովի շուրջ 8 տասնյակ անդամներից ներկա էին միայն 15-ը, եւ զգալի մասը քվեարկեց ձեռնպահ` համարելով, որ նման մոտեցումը սկզբունքորեն Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից կնշանակի ոչ հավասար մոտեցում, ոչ հավասար պահանջներ, եւ համարելով, որ դեռեւս նյութերը բավարար չեն, որպեսզի նման եզրակացության հանգեն»:

«Այնուամենայնիվ, մի մասը քվեարկեց կողմ, եւ այս առաջարկությունը անցավ` պայմանական առումով, կարելի է ասել: Եվ սկզբունքորեն հարցը լրացուցիչ վերլուծության կարիք է զգալու, այդ իսկ պատճառով սա որոշում չէ, սա առաջարկություն է Խորհրդարանական վեհաժողովին, եւ քանի որ սա Մոնիտորինգի հանձնաժողովի վերջին նիստն էր հունվարյան նստաշրջանից առաջ, առաջարկությունը արվեց, սակայն համազեկուցողները այցելելու են Հայաստան հունվար ամսին, որպեսզի համապատասխան շտկումներ անեն այս որոշման մեջ` մինչեւ նստաշրջանի սկիզբը», - ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Նա հույս հայտնեց, որ այդ այցից հետո առաջարկը կփոխվի, կամ դրանում շտկումներ կարվեն: «Անկեղծորեն ասած, այո, ես այդ առումով հույս ունեմ, որ մենք նաեւ քայլեր կձեռնարկենք համապատասխան, հուսով եմ, որ փոփոխություններ տեղի կունենան», - հավելեց Դավիթ Հարությունյանը:

«Այսինքն, կարծում եք, որ Հայաստանի իշխանությունները մինչեւ հունվարյան նստաշրջան բանտարկյալների առումով ինչ-որ քայլերի՞ կգնան, ազա՞տ կարձակվեն նրանք», - այս հարցին Հարությունյանը արձագանքեց. - «Ես չէի ուզենա կանխագուշակել, թե ինչ կարող է լինել: Այնուամենայնիվ, մենք պետք է հաշվի նստենք նաեւ այս իրողության հետ, այս առաջարկության հետ, եւ նաեւ մտածենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն»:

Մոնիտորինգի հանձնաժողովին նման խիստ առաջարկի համար, ըստ հայաստանյան պատվիրակության ղեկավարի, հիմք են ծառայել, «թերեւս, հարցականներ, որոնք ծագել են համազեկուցողների մոտ եւ մարդու իրավունքների հանձնակատարի մոտ, որոնք դեռեւս չեն ստացել իրենց պատասխանները»: Նա հաստատեց, որ այդ հարցականները կապված են բանտարկյալների խնդրի հետ:

Համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն հանձնաժողովի երեկվա նիստում ներկայացրել են Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցի նախագիծը: Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ` «զեկույցը բավական բացասական երանգներ ուներ» քրեական հետապնդումներին վերաբերող կետերի առումով, հավելելով, որ դրական են գնահատվել զանգվածային լրատվության, ընտրական բարեփոխումների, Փաստահավաք խմբի ստեղծման հետ կապված Հայաստանի քայլերը:

«Արդյոք օգտագործվե՞ց այդ «քաղբանտարկյալ» բառը, որի մասին այդքան խոսվում է», - այս հարցին Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Հարցադրում արվեց քաղբանտարկյալների վերաբերյալ, որ Հայաստանում, հնարավոր է, առկա են քաղբանտարկյալներ` մոտավորապես այդպիսի ձեւակերպում հնչեց»:

Հարցին` կարելի՞ է ասել, որ եթե մինչեւ հունվար Հայաստանի իշխանությունները բանտարկյալների հարցով ինչ-որ քայլեր ձեռնարկեն, ապա հնարավոր է, որ Մոնիտորինգի հանձնաժողովը իր առաջարկը ետ կանչի, Հարությունյանը պատասխանեց. - «Ոչ միայն հնարավոր է, այլ նմանատիպ հարցադրում արվել է Մոնիտորինգի հանձնաժողովում` հենց այդպես, անգամ փոքր-ինչ ավելի բացահայտ»:

Մամուլում շրջանառվող լուրերին, որ եթե հայաստանյան պատվիրակության ղեկավարին չհաջողվի զեկույցից հանել Հայաստանի համար ոչ նպաստավոր եւ կոշտ դրույթները, ապա նա ստիպված է լինելու հրաժարական տալ, Դավիթ Հարությունյանը արձագանքեց. - «Ճիշտն ասած, այդ քննարկումների վերաբերյալ տեղեկացել եմ այստեղ, կարծում եմ, դրա մասին խոսելը շատ վաղաժամ է, եւ այս պահին որեւէ հիմքեր չեմ տեսնում: Վերջ ի վերջո, մենք պետք է գիտակցենք նաեւ հետեւյալը` որ թեեւ պատվիրակության ձայնի իրավունքն է կասեցվում, սակայն դա պատվիրակության աշխատանքի գնահատական չէ, այլ երկրի»:

Հայաստանի արտգործնախարարության ինտերնետային կայքում տեղադրված հաղորդագրությունում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես մեկնաբանել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից ընդունված` Հայաստանի համար «ոչ բարենպաստ» առաջարկությունները:

«Կարծում եմ, որ հունվար ամսին, միգուցե, կլինեն այնպիսի զարգացումներ, որոնք հնարավորություն կտան այդ առաջարկը վերանայել եւ հաստատել, որ Հայաստանը իրականացրել է 1609 եւ 1620 բանաձեւերի առաջարկությունների մեծ մասը», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:


Ռուզաննա Ստեփանյան