Ընդունելության քննությունների ուղեցույցների հիմնական մասը արդեն բաժանվել է դպրոցներին

Ուղեցույցների ստեղծման աշխատանքները Գնահատման եւ թեստավորման կենտրոնը սկսել էր դեռ այս տարվա հունվարից, որպեսզի արդեն սեպտեմբերին դրանց օգնությամբ պատրաստվեին աշակերտները, սակայն դրանք 4 ամիս ուշացան:

«Ամեն մի ձեռնարկի շուրջ բավական երկար քննարկումներ ենք կազմակերպել, նմուշները տարբեր կազմակերպություններ ուղարկել, սակայն ուշացման հիմնական պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել, մեկ տպարանում ենք ամբողջը տպագրել, այդ իսկ պատճառով այսքան ձգձգվեց», - ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի քննական առարկաների մշակման եւ մեթոդական օժանդակության բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ ի տարբերություն անցյալ տարվա` այս տարի թեստերը կունենան 4 տարբերակ, եւ շարունակեց, որ «Հայոց լեզու, գրականություն» առարկայի եւ օտար լեզուների ուղեցույցներն անցյալ տարվա համեմատ գրեթե նույնն են մնացել, միայն լրամշակվել են, սակայն մաթեմատիկայի թե’ ուղեցույցը եւ թե’ թեստի նմուշները փոփոխության են ենթարկվել, քանի որ նախկինում դրանք բավական հեշտ էին, եւ դիմորդները բարձր արդյունքներ էին ցույց տալիս:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի ֆիզիկայի գծով գլխավոր մասնագետ եւ ուղեցույցի պատրաստման խմբի ղեկավար Արամ Ծատուրյանը նշեց, որ աշակերտների եւ ուսուցիչների հետ շփվելու փորձը, ինչպես նաեւ մասնագետների կարծիքը վկայում են, որ թեստը եւ ուղեցույցը կարդարացնեն սպասելիքները, քանի որ ի տարբերություն նախորդ տարիների` հարցերն այս թեստերում բավական շատ են լինելու, եւ հաջողակ լինելը բոլորովին չի օգնի դիմորդին:

Աշխարհագրության գծով գլխավոր մասնագետ Լուսինե Ասլանյանը նշեց, որ աշխարհագրության ուղեցույցի պատրաստման հանձնախմբում ընդգրկված են եղել նաեւ ուսուցիչներ: Կազմված թեստի նմուշները փորձարկվել են աշակերտների շրջանում, սակայն արդյունքները, ըստ նրա, բարձր չեն եղել:

«Նախորդ համակարգից ինձ դուր էր գալիս այն, որ դիմորդը հիմնավորում էր իր պատասխանը, ինչը այստեղ չկա», - հավելեց Լուսինե Ասլանյանը:

Քիմիայի գծով գլխավոր մասնագետ Գյուլնարա Փալիկյանի համոզմամբ` աշակերտները միայն շահում են այս համակարգից, քանի որ հիմնականում մտքերը ճիշտ շարադրելու խնդիր ունեն, ինչը եւս ցածր միավոր ստանալու պատճառներից էր:

Մի քանի օրից Գնահատման եւ թեստավորման կենտրոնը նախատեսում է ավագ դպրոցներում բոլոր առարկաներից անցկացնել փորձնական ընթացիկ քննություններ:


Լիանա Մնացականյան