Իշխող կուսակցության երիտասարդական թեւը կոչ է անում Ռուսաստանից վռնդել աշխատանքային միգրանտներին

Վարչապետ Վլադիմիր Պուտինի գլխավորած կուսակցության երիտասարդական թեւի ակտիվիստները ցույց են անցկացրել Ռուսաստանում աշխատող միգրանտների դեմ` նրանց մեղադրելով ռուսաստանյան տնտեսության մեջ առաջացած ճգնաժամային երեւույթների համար եւ պահանջելով, որ ներգաղթյալները լքեն Ռուսաստանը:

Իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության երիտասարդական թեւի մոտ 30 ակտիվիստներ` կուսակցության գույները խորհրդանշող կարմիր եւ սպիտակ գլխարկներով, երեկ ցույց էին կազմակերպել Ռուսաստանի միգրացիայի վարչության մոսկովյան գրասենյակի առջեւ:

«Ամեն վայրկյան [մեկ ներգաղթյալ] պետք է տուն գնա», - բղավում էին երիտասարդ ցուցարարները: Խումբը նաեւ ցուցապաստառներ էր պարզել` «Պաշտպանենք Ռուսաստանի քաղաքացիներին» եւ «Երկիրը մերն է` աշխատատեղերն էլ մերն են» վերտառությամբ:

Նմանատիպ ցույցեր երեկ տեղի են ունեցել Ռուսաստանի ամբողջ տարածքով:

Ռուսաստանը փորձում է կանխել խորացող տնտեսական ճգնաժամը, սակայն գործազրկության աճող տեմպերը երկրում աշխատող ավելի քան 10 միլիոն ներգաղթյալների հանդեպ դժգոհությունների պատճառ են դարձել:

Դեկտեմբերի սկզբին ուղիղ եթերում պատասխանելով ռուսաստանցիների հարցերին` Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ասել էր, որ արտերկրյա աշխատողների համար սահմանված աշխատատեղերի քանակը պետք է երկու անգամ կրճատվի, սակայն կարծիք էր հայտնել, որ ռուսաստանցիները սովորաբար հրաժարվում են կատարել այն աշխատանքները, որոնք անում են միգրանտները:

Ռուսաստանի վարչապետը նաեւ հարտարարել էր, որ երկրի կառավարությունը չի հանդուրժի ռասայական հողի վրա կատարվող հանցագործությունները եւ պատրաստվում է ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել ազգային պատկանելության հողի վրա կատարված հանցագործությունների նկատմամբ:

Արտագնա աշխատանքի նպատակով Ռուսաստան ներգաղթած անձանց ճնշող մեծամասնությունը գալիս է Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի նախկին խորհրդային երկրներից: Նրանցից շատերն աշխատում են առանց օրինական թույլտվության: