Պակիստանը ռազմական գործողություններ է իրականացրել Մումբայի ահաբեկչության կազմակերպիչների դեմ

Պաշտոնապես չհաստատված տվյալներով` Պակիստանում ձերբակալվել է հնդկական Մումբայ քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակման կազմակերպիչներից մեկը:

Պակիստանի զինված ուժերը, միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, կիրակի օրը ռազմական գործողություններ են իրականացրել Քաշմիրի շրջանի Մուզաֆաբադ քաղաքի մոտ գտնվող ահաբեկչական «Լաշքար-է-Թաիբա» կազմակերպության ճամբարում: Տեղի է ունեցել կարճ փոխհրաձգություն, ձերբակալվել են ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից` Զակու-ուռ-Ռեհմին եւ մի խումբ գրոհայիններ:

Հնդկաստանի իշխանությունները «Լաշքար-է-Թաիբա» կազմակերպությանը մեղադրում են անցյալ ամիս Մումբայում տեղի ունեցած լայնածավալ ահաբեկչական գործողության համար, որի արդյունքում ավելի քան 170 մարդ է զոհվել:

Հնդկաստանը եւ Միացյալ Նահանգները բազմիցս տեսակետ են հայտնել, որ Մումբայի ահաբեկչության կազմակերպիչները տեղաբաշխված են Պակիստանի տարածքում: