Ներում է շնորհվել մարտի 1-ի գործով 3 դատապարտյալների

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը, ի պատասխան «Առավոտ» օրաթերթի հարցմանը, հաստատել է, որ Սերժ Սարգսյանի` դեկտեմբերի 3-ի հրամանագրով ներում է շնորhվել մարտի 1-ի գործով անցնող երեք դատապարտյալների:

«Նախագահ Սերժ Սարգսյանի` դեկտեմբերի 3-ին ստորագրած հրամանագրով ներում է շնորhվել երեք դատապարտյալների` Էդվարդ Գառնիկի Աշուղյանին, Արման Խաչատուրի Մարգարյանին եւ Արթուր Սուրենի Նազանյանին, ովքեր դատապարտվել էին 3-3.5 տարվա ազատազրկման մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցության` ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու եւ այլ բռնի գործողություններ իրականացնելու համար», - ասված է Ֆարմանյանի պատասխանում: - «Հանրապետության Նախագահը ներման հրամանագիր ստորագրելու որոշում կայացնելիս հաշվի է առել ինչպես տվյալ դատապարտյալների կողմից Նախագահին ուղղված ներման խնդրագրերը, այնպես էլ նախկինում դատապարտված չլինելու, քրեական գործի եւ այլ` ընտանեկան հանգամանքներ: Հանրապետության Նախագահը մշտապես պատրաստ է եղել դիտարկելու ներման խնդրագրերը: Այսօր եւս, այս մոտեցումներում փոփոխություններ չկան»:

Անցած շաբաթավերջին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ:

«Վերջին օրերին... վարչախմբի էմիսարները այցելում են բանտեր եւ շահագործելով քաղբանտարկյալների առողջական, ընտանեկան խոցելի խնդիրները` նրանցից փորձում կորզել զղջման դիմումներ, ստիպում հրաժարվել հետագա քաղաքական ակտիվությունից, ըստ էության` պարտադրելով նրանց ընտրություն կատարել կյանքի իրավունքի եւ տանջալից հեռանկարի առաջ, ինչը խոշտանգման դասական օրինակ է», - ասված է հայտարարությունում:

Դատապարտելով «սովետական ամբողջատիրական համակարգի վարքագիծը հիշեցնող այս ստորությունը», Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է. - «Լինելով մարդու ազատության եւ իրավունքների դեմ ուղղված քայլեր, ռեժիմի այս գործողությունները ոչ միայն չեն նպաստում երկրում առկա խորը ճգնաժամի կարգավորմանը, այլ է'լ ավելի են մեծացնում անջրպետը հասարակության եւ վարչախմբի միջեւ»:

«Դիմումում գրել եմ, որ խնդրում եմ համաներում: Հետո պարզվեց, որ համաներում չի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց ազատ արձակվածներից Էդվարդ Աշուղյանը: - «Ինձ, ճիշտն ասած, սկզբից չասացին, որ նախագահին է գրվում: Սկզբից այնպես էր, որ իբր համաներման համար է գրվում, ոչ թե` ներման: Հետո իմացա, որ ներման մասին է դիմումը, բայց արդեն գրել էի»:

Աշուղյանը նաեւ ասաց, որ իր նկատմամբ որեւէ ճնշում կամ սպառնալիք չի կիրառվել. - «Ոչ մի այդպիսի խոշտանգումներ չի եղել: Գնացել եմ [քրեակատարողական] հիմնարկի ղեկավարության մոտ` տարել են, ու հենց ինքն էլ առաջարկեց: Դիմումում գրել եմ, որ խնդրում եմ համաներում: Հետո պարզվեց, որ համաներում չի»:


Հովհաննես Շողիկյան