Զանգվածային անկարգություններ Հունաստանում

Հունաստանում երկու օր շարունակված զանգվածային անկարգությունների հետեւանքով 30-ից ավելի մարդ է վիրավորվել, այդ թվում` ոստիկաններ: Ավելի քան 20 ցուցարար ձերբակալված է:

Հուզումները սկսվել են շաբաթ երեկոյան` ոստիկանության կողմից կենտրոնական Աթենքի Էկզարչիա թաղամասում մի պատանու սպանության մասին լուրերի տարածման հետ: Կիրակի օրը Աթենքում, Թեսսալոնիկիում եւ հունական մի շարք այլ քաղաքներում ցուցարարները խանութներ եւ բանկեր են ավերել, այրել են մեքենաներ եւ բարիկադավորվել կենտրոնական փողոցներում:

Առնվազն 6 մարդ ձերբակալվել է ավերված խանութները թալանելու մեղադրանքով:

Հունաստանի իշխանություններն այսօր ցուցարարներին կոչ են արել դադարեցնել անկարգությունները եւ հայտարարել են, որ Աթենքում սպանված պատանու մահվան համար մեղադրվող երկու ոստիկանները ձերբակալվել են: