Պակիստանը նախագահը Հնդկաստանին կոչ է արել իր երկրին չպատժել Մումբայի ահաբեկչության համար

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին Հնդկաստանին կոչ է արել Պակիստանին չպատժել հնդկական Մումբայ քաղաքում անցած շաբաթ իրականացված ահաբեկչության համար, որի արդյունքում ավելի քան 170 մարդ էր զոհվել:

Բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում Զարդարին ասել է, որ ռազմական խմբավորումների նախաձեռնած պրովոկացիաները վտանգում են միջուկային զենքի տիրապետող երկու հարեւան երկրների հարաբերությունները:

BBC-ի տվյալներով Մումբայում իրականացված ահաբեկչության մեջ կասկածվող բոլոր 10 անձինք Հնդկաստան են մուտք գործել Պակիստանից:

Պակիստանի կառավարությունը պնդում է, որ Մումբայի արյունահեղ դեպքերի կազմակերպման հետ որեւէ առնչություն չունի:

Հնդկաստանի ներքին գործերի նախարար Շիվրաժ Պատիլը հրաժարական է տվել, հայտարարելով, որ ինքը «բարոյական պատասխանատվություն» է կրում ահաբեկչությունը կանխել չկարողանալու համար: