Տիգրան Թորոսյան. «Մոտ ժամանակներս էական փոփոխություն ղարաբաղյան խնդրի լուծման մեջ չի լինելու»

Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը վստահ է, որ որեւէ արագացում կամ մոտ ժամանակներս էական փոփոխություն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մեջ չի լինելու:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով ներկայացնելով իր կարծիքը ղարաբաղյան կարգավորման, մասնավորապես` Մոսկովյան հռչակագրի ստորագրումից հետո բանակցությունների ներկայիս փուլի վերաբերյալ, Թորոսյանը հայտարարեց. - «Եթե կարգավորման տեսակետից գնահատենք, ապա որեւէ էական փոփոխություն չկա: Փոփոխությունները պայմանավորված են Հարավային Կովկասում օգոստոսյան հնգօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակով` մեկ, երկրորդ` Միացյալ Նահանգներում, Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրություններից անմիջապես հետո ձեւավորված ակնկալիքներով»:

Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին կայացած Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումը Ազգային ժողովի նախկին խոսնակը որակեց «որեւէ էական նշանակություն չունեցող` խնդրի կարգավորման հետ կապված»:

«Կարծում եմ, լայն հանրային քննարկումներ ասածը դա չի կարող լինել», - ընդգծեց նա` հավելելով. - «Մյուս կողմից, ցավալի է մեկ բան, որ ղարաբաղյան խնդրի հետ կապված` բոլորը ինչ-որ ակտիվություն են ցուցաբերում, բոլորը ինչ-որ բաներ են առաջարկում` բացի փորձագետներից, մասնագետներից: Սա մտահոգիչ է»:

Տիգրան Թորոսյանի համոզմամբ` Հայաստանում իրականում 50 կուսակցություն գոյություն չունի. - «Խնդրեք որեւէ մեկին` լրագրողի, քաղաքական գործչի, Հայաստանի Հանրապետության պատահական քաղաքացու` 10 կուսակցության անունից ավելի չի կարող գրել թղթի վրա: Սա ցույց է տալիս մի բան, որ այդ պարզապես գրանցում ունեցող կուսակցությունները ոչ միայն որեւէ ազդեցություն չունեն հասարակության մեջ, այլ դրանց հետ ընդհանրապես խոսելու կարիք էլ չկա երկրի ճակատագրի հետ կապված նման լուրջ հարցերում: Բայց հանդիպումը վնասակար էլ չէ»:

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված` նախկին խոսնակը առավել մտահոգիչ է համարում մեկ հանգամանք, «բայց դա կոնկրետ այս օրերի կամ այս վերջին մեկ-երկու-երեք ամսվա խնդիր չէ` դա Հայաստանի բազմակուսակցական համակարգի չկայացածության հետ է կապված»:

Դրանից էլ, ըստ Թորոսյանի, «բխում են բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք կան մեր ներքին քաղաքական կյանքում»:

«Սա լուրջ խնդիր է, ընդ որում, բոլորի խնդիրն է` ոչ միայն ընդդիմության, նաեւ իշխանության: Եվ իսկապես, անկախության վերահաստատումից 17 տարի հետո բազմակուսակցական համակարգում առկա վիճակը, կարծում եմ, որեւէ անաչառ եւ երկրի ճակատագրով մտահոգ մարդու չի կարող բավարարել», - ամփոփեց խորհրդարանի նախկին նախագահը:


Հովհաննես Շողիկյան